կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-13 12:11
Իրավական

Փաստաբանների պալատի նոր խորհուրդն՝ առանց ընդդիմության

Փաստաբանների պալատի նոր խորհուրդն՝ առանց ընդդիմության

Երեկ հայտնի դարձավ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի նոր կազմը: Պալատում կայացած ընտրությունների արդունքում առավելագույն քվեներ ստացան ՓՊ պալատի նախագահ Արա Զոհրաբյանի համախոհները: Խորհրդի կազմում չի ընդգրկվել անգամ պալատի նախկին նախագահ, վաստակաշատ իրավաբան Ռուբեն Սահակյանը: Այլ կերպ ասած` պալատի կառավարումը 100%-ով անցավ «իշխանության» ձեռքը: Ընդդիմադիր փաստաբանները, ովքեր մշտապես բարձրացրել են անկախ փաստաբանական ինստիտուտի առկայության հարցը, խորհրդի կազմում չընդգրկվեցին:

Ամփոփելով պալատի ընտրությունները` ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Շնորհավորում եմ խորհրդի ընտրված անդամներին և մաղթում եմ բեղմնավոր աշխատանք։ Մեր փաստաբանական համայնքի կողմից Ձեզ տրված վստահության մեծաքանակ քվեները պարտավորեցնող են։

Շնորհակալություն եմ հայտնում փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի բոլոր մասնակից փաստաբաններին, հաշվիչ հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև խորհրդի անդամի չընտրված թեկնածուներին։ Հուսով եմ հանդուրժողական վերաբերմունք կցուցաբերեք Ձեր գործընկերների նկատմամբ։ Նախընտրական քարոզչության ժամանակ հնչեցված Ձեր քննադատություններն ընդունվել են ի գիտություն։ Մեր ուժը միասնության մեջ է»:

Խորհրդի կազմում չընգրկված թեկնածուներից` փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Շնորհակալ եմ իմ օգտին քվեարկած բոլոր փաստաբաններին, ակնկալածից ցածր քվե չեմ ստացել: Ընտրությունների արդյունքներն առավել քան պատկերավոր են դարձնում լուծման ենթակա խնդիրները... դրա մասին հետո... Հպարտ եմ, որ փաստաբաններ Ռուբեն Սահակյանի, Լիպարիտ Սիմոնյանի, Լուսինե Սահակյանի, Տիգրան Աթանեսյանի, Գևորգ Գյոզալյանի և այլ` խորհուրդ չմտած գործընկերների շարքում եմ»:

Ընտրությունները հակիրճ ամփոփել է նաև փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Փաստաբանների պալատի խորհրդի ընտրությունները հաստատեցին իմ այն միտքը, որ Պալատ փաստացի գոյություն չունի, դա «փաստաբանական վարչություն» է, որն իր էությամբ մեծագույն և իրական սպառնալիք է փաստաբանության գաղափարին։ Ավելի մանրամասն եւ ամփոփ հայտարարությամբ ես եւ իմ գործընկերները հանդես կգանք վաղը։ Շնորհակալ եմ մեկ առ մեկ ինձ քվեարկած փաստաբաններին, ձեր ձայները ապացուցում են, որ փաստաբանությունը այս երկրում կարող է ունենալ այլ ապագա, քան նախագծված է որոշ շրջանակների կողմից»,- իր էջում գրել է նա:

Նշենք, որ խորհրդի ընտրություններում 1780 փաստաբաններից քվեարկությանը մասնակցել է 1163-ը, ինչն աննախադեպ ցուցանիշ էր: Համեմատելու համար նշենք, որ 2013 թվականի ՓՊ խորհրդի ընտրություններին մասնակցել է մոտ 900 փաստաբան: Ուշագրավ է, որ ընտրություններին մասնակցելու համար Երևան էին ժամանել հեռավոր մարզերի փաստաբաններ, ովքեր նախորդ ընտրություններում իրենց ակտիվությամբ երբևէ աչքի չէին ընկել: Հավանաբար, հենց նրանց քվեների հաշվին էլ ձևավորվել է պալատի խորհրդի անդամների «միագույն» կազմը:

Ստորև ներկայացնում ենք Փաստաբանների պալատի խորհրդի նոր անդամներին`

1. Բաբայան Սիմոն

2. Առուստամյան Մելանյա

3. Մեժլումյան Կարեն

4. Ղազարյան Արայիկ

5. Խուրշուդյան Տիգրան

6. Հարությունյան Հարություն

7. Սարդարյան Կարեն

8. Սիմոնյան Տարոն

9. Հարությունյան Նելլի

10. Աղաջանյան Կարապետ

11. Ասատրյան Սեդրակ

12. Անանյան Հրանտ