Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր լրագրողների հետ էր հանդիպել դիրիժոր Կարեն Դուրգարյանը, ով խոսեց Ալ. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում վերջին շրջանում տեղի ունեցող դեպքերի մասին:
Դուրգարյանը, ով թատրոնի նախկին գլխավոր դիրիժորն էր, նշեց, որ, իր կարծիքով, սխալ է, որ թատրոնից հանել են գեղարվեստական ղեկավարի հաստիքը: Նա հիշեց` 8 տարի առաջ, երբ առաջին անգամ խոսվել էր այն մասին, թե գեղարվեստական ղեկավարի կարիք չունի թատրոնը, ինքն ասել էր, որ համամիտ է միայն այն դեպքում, եթե թատրոնն ուզում են քանդել: «Պետք չէ գեղարվեստական ղեկավարի պաշտոնը կապել անձերի հետ, գեղարվեստական ղեկավարն այն մարդն է, ով որոշում է թատրոնի գալիք 10 տարիների քաղաքականությունը»,- ասաց դիրիժորը:
Հիշեցնենք, որ այս պահին թատրոնը տնօրեն չունի. նախկին տնօրենը` Անդրանիկ Արզումանյանը, նշանակվել է մշակույթի նախարարի խորհրդական: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Կոնստանտին Օրբելյանը:
Խոսելով այս մասին` Դուրգարյանը նշեց, որ ցանկացած կառույց` դպրոց լինի, թե` թատրոն, պետք է ղեկավարի պրոֆեսիոնալ մեկը, ով գիտի, թե ինչ է կատարվում այդ կառույցի ներսում: «Լինել օպերային թատրոնի ղեկավար` նշանակում է թիմային աշխատանք կատարել, քանի որ թատրոնը մեծ կառույց է, և մեկ անձն ինքնուրույն չի կարող այն ղեկավարել»,- ասաց նա:
Հարցին, թե լուրեր են պտտվում, որ թատրոնի տնօրեն դառնալու ցանկություն ունի ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, ի՞նչ կասի այս մասին, Դուրգարյանը պատասխանեց, որ չի ուզում որևէ գնահատական տալ: