կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-20 10:45
Իրավական

Հովհաննես Թամամյանի և Մարգար Օհանյանի` նախագահին ուղղված խնդրագրերի ճակատագիրն անհայտ է

Հովհաննես Թամամյանի և Մարգար Օհանյանի` նախագահին ուղղված խնդրագրերի ճակատագիրն անհայտ է

Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, գնդապետ Մարգար Օհանյանի և քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի փաստաբանները դեռևս տեղյակ չեն, թե ինչ ընթացք են ստացել իրենց պաշտպանյալների` Սերժ Սարգսյանին գրած խնդրագրերը. գրում է «Հրապարակը»:

 

Թերթը հիշեցնում է, որ դատապարտվելուց հետո և' Մարգար Օհանյանը, և' Հովհաննես Թամամյանը ներման դիմումներ էին գրել Սերժ Սարգսյանին: Օրերս լրատվամիջոցները գրել էին, որ հնարավոր է` մինչև Ամանոր Մարգար Օհանյանն ագատ արձակվի, նրա հարազատներն էին նման հույս հայտնել: Սակայն պաշտպան Մկրտիչ Վասակյանը «Հրապարակի» հետ զրույցում ասել է, որ տեղյակ չէ դրա մասին, հաջորդ շաբաթվա մեջ կայցելի իր պաշտպանյալին և նրանից կտեղեկանա, թե ինչի մասին է խոսքը:

 

Թամամյանի պաշտպան Վաղինակ Գևորգյանից ևս թերթը փորձել է պարզել` հնարավո՞ր է իր պաշտպանյալն էլ ագատ արձակվի, սակայն նա ևս ասել է, որ ոչնչից տեղյակ չէ: Տեղյակ չէ նաև, թե ինչ ընթացք է ստացել ներման խնդրագիրը:

 

Թերթը հիշեցնում է, որ Օհանյանն այս տարվա մայիսին դատապարտվեց 6 տարվա ազատազրկման` պաշտոնեական դիրքը չարաշահելու և պետական գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու պատճառով: Իսկ Թամամյանը` 4 տարվա ազատազրկման` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու պատճառով, որն առաջացրել էր ծանր հետևանքներ: