կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-29 17:55
Հասարակություն

Lրագրողական կազմակերպությունների հայտարարությունը ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանի տարածած ազդագրի առնչությամբ

Lրագրողական կազմակերպությունների հայտարարությունը ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանի տարածած ազդագրի առնչությամբ

2019թ. հոկտեմբերի 29-ին, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը (ՄԱՀՀԻ) արգելել է մի շարք լրատվամիջոցների մասնակցությունն իր կազմակերպած միջոցառմանը՝ «Հոկտեմբերի 27-ից 20 տարի անց. հայացք անցյալին, դասեր և մտորումներ» թեմայով։ Նախօրեին ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում ազդագիր էր տեղադրել լրատվամիջոցների համար, որում մասնավորապես նշել էր, որ News.am, Hayeli.am, 168.am, Yerevan Today, 7or.am, Livenews.am կայքերի, «5-րդ ալիք» ու «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունների համար մուտքը փակ է լինելու:

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, այս մոտեցումը գնահատում ենք որպես խտրական վերաբերմունք ԶԼՄ-ների նկատմամբ, ինչն անթույլատրելի է և վտանգավոր՝ խոսքի ազատության տեսանկյունից։ Հասարակական կազմակերպությունն իր էությամբ պետք է բաց կառույց լինի և շահագրգռվածություն ցուցաբերի իր գործունեությունը լայնորեն լուսաբանելու համար։

Թեև հայաստանյան լրատվական դաշտում ձևավորվել է մի իրականություն, որտեղ լրատվամիջոցները սպասարկում են տարբեր քաղաքական շահերի, այդուհանդերձ, հասարակական կազմակերպությունները չպետք է խտրականություն դրսևորեն՝ առաջնորդվելով իրենց համակրանքով կամ հակակրանքով։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ ենք անում ՄԱՀՀԻ-ին՝ վերանայել իր մոտեցումը լրատվամիջոցների հետ աշխատելիս, հանդուրժողականություն ցուցաբերել նրանց նկատմամբ և ապագայում բացառել խտրականությունը։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ  ՀԱՅԱՍՏԱՆ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ