Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2016 թվականի մայիսի 16-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության բակային հատվածում տեղի ունեցած հայտնի միջադեպի վերաբերյալ գործը դատարանում է: Այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից: Թեև նախաքննության ընթացքում մեղադրանք էր առաջադրվել 6 անձի, սակայն ներկայումս այս գործով մեղադրյալ են միայն երկուսը, իսկ տուժող՝ մեկը:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Արա Կարախանյանը 2016թ. մայիսի 16-ին` ժամը 16.30-ի սահմաններում, ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության բակային հատվածում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Վահան Սարգսյանի հետ դիտավորությամբ միջին ծանրության վնաս է պատճառել Վահե Մնացականյանի առողջությանը:
Ա. Կարախանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 113 –րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով , իսկ Վահան Սարգսյանին` նաև ՀՀ 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կարախանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Սարգսյանի նկատմամբ՝ կալանավորումը:
ՀՀ քննչական կոմիտեի` ավելի վաղ հրապարակված պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ 2016 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության բակային հատվածում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում բռնություն է գործադրվել 5 անձի նկատմամբ՝ պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Տուժողներից մեկի՝ Հ.Պետրոսյանի նկատմամբ նշանակված փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ նրան պատճառված վնասվածքները գնահատվել են ծանր՝ կյանքին վտանգ սպառնացող։
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է վիճաբանության շարժառիթը, կիրառված բռնությանը մասնակցություն ունեցած 6 անձի ինքնությունը, անհատականացվել նրանց գործողությունները։
Հիշյալ գործը մակագրվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանին: