կարևոր
4099 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-08 22:56
Հասարակություն

Հայ–ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովները կրկին կհանդիպեն ամսվա վերջին. ԱԽՔ

Հայ–ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովները կրկին կհանդիպեն ամսվա վերջին. ԱԽՔ

Հայ–ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովների հերթական հանդիպումը սպասվում է հունվարի վերջին։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին հայտնեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նշենք, որ 2 երկրի փոխվարչապետների մասնակցությամբ նախորդ հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 30-ին Տավուշի սահմանին։

«Համաձայնություն կա, որ հունվարի վերջին դելիմիտացիայի հանձնաժողովները հանդիպեն, հուսով ենք, որ այն տեղի կունենա»,– նշեց Գրիգորյանը։

Նա նաև անդրադարձավ խաղաղության պայմանագրին և ընդգծեց, որ հունվարի 4-ին հայկական կողմը պատասխանել է ադրբեջանական կողմի առաջարկներին։

ՀՀ ԱԽ քարտուղարը շեշտեց` Բաքվից առաջարկ ստանալուց հետո 2 շաբաթվա ընթացքում ուղարկել են հայկական տարբերակը, այժմ էլ ադրբեջանական պատասխանին են սպասում։

Գրիգորյանի խոսքով` դրական դինամիկա կա այս փաստաթղթի մասով, բայց հարցեր էլ կան, որոնց ուղղությամբ դեռ առաջընթաց չի գրանցվել։ Հայաստանն ակնկալում է, որ և՛ փոխանակման, և՛ բանակցությունների շնորհիվ այդ առումով էլ դրական դինամիկա կլինի, որպեսզի խաղաղության պայմանագիրը կնքվի։

Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։

Հոկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։