կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-16 12:43
Տնտեսական

Ստուգումներ սկսելուց առաջ քննարկման են հրավիրվել խաղալիք ներկրող, վաճառողները

Ստուգումներ սկսելուց առաջ քննարկման են հրավիրվել խաղալիք ներկրող, վաճառողները

Այսօր  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը քննարկման էր հրավիրել խաղալիք ներկրող, իրացնող և արտադրող տնտեսվարողներին` ներկայացնելու  ոլորտի կանոնակարգերը, ապրանքների համապատասխանության գնահատման  ընթացակարգերը, լսելու տնտեսվարողներին հուզող  խնդիրները:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը նախ նշեց, որ հանդիպումները պարբերական բնույթ են կրելու, քանի որ կա վարչապետի ու նախարարի հանձնարարական, որ մինչև տեսչական մարմինների կողմից ստուգումներ իրականացնելը նախ  բոլոր տնտեսվարողներին իրազեկեն անհրաժեշտ ընթացակարգերի ու պահանջների մասին, որպեսզի տեսչական մարմինը տնտեսվարողի համար չդառնա որպես զուտ ստուգող մարմին, այլ որպես գործընկեր:

Լևոն Խալիկյանը նշեց, որ հաջորդ տարի տեսչական մարմիններն իրականացնելու են ստուգումներ խաղալիքների վաճառքի ոլորտում, կգործի տեսչական մրմինների թեժ գիծ, որը կօգնի տնտեսվարողներին` պատասխանել բոլոր հուզող հարցերին և ժամանակին վերացնել խախտումները` մինչև տուգանվելը:

Ներկայումս խաղալիքների ներկրման ու վաճառքի ոլորտի համար, որն, ի դեպ, ռիսկային ոլորտ է, քանի որ առնչվում է երեխաների առողջությանը,  գործում է տեխնիկական կանոնակարգ: Միևնույն ժամանակ, տեսչական մարմինների ստուգումները ցույց են տվել, որ ոլորտում առկա են մի շարք խախտումներ:

«Փորձենք միասին վերացնել այդ խախտումները, որ ստուգումների ժամանակ խնդիրներ չառաջանան»,- ասաց Լևոն Խալիկյանը:

Խաղալիքները պարտադիր պետք է ունենան սերտիֆիկատ, որը կվկայի, որ խաղալիքները համապատասխանում են չափանիշներին ու վտանգ չեն ներկայացնում երեխաների առողջությանը: Պահանջվում է, որ խաղալիքն ունենա, սերտիֆիկատից բացի, հայերեն մակնշում, որի վրա հստակ ընթեռնելի պետք է նշված լինի արտադրության երկիրը, կազմակերպությունը: Խաղալիքը չպետք է արտադրված լինի երկրորդական նյութից, չպետք է ունենա 20 վոլտից բարձր հոսանք, չպետք է ունենա սուր անկյուններ, վնասակար ներկանյութեր:

«Այսօր շուկայում առկա է խաղալիքների հայերեն մակնշման խնդիրը, տնտեսվարողների մեծ մասի մոտ բացակայում է հայերեն մակնշումը»,- ասաց Լևոն Խալիկյանը: