կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-21 13:25
Քաղաքական

Բացահայտվեցին Հայաստանը վաճառողները

Բացահայտվեցին Հայաստանը վաճառողները

Սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանում տեղի ունեցավ ներկա-բացակա կամ լյուստրացիա. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը` ամփոփելով անցնող տարվա ձեռքբերումներն ու կորուստները:

 

Նրա խոսքով` սեպտեմբերի 3-ից հետո պարզ դարձավ, թե ովքեր են Հայաստանի անկախության կողմնակիցները, և ովքեր են հայ ժողովրդին պետական ժողովուրդ չհամարողները, արտագաղթին ու Հայաստանի վաճառքին նպաստողները: «Հիմա կան մարդիկ, որ բացահայտ հայտարարում են, որ պատրաստ են զոհաբերել հայկական պետությունը: Մինչև սեպտեմբերի 3-ը Հայաստանը ճիշտ ուղիով էր գնում, բայց դրանից հետո ամեն ինչ փուլ եկավ: Կուզեի, որ սեպտեմբերի 2-ին ոմանք հրաժարական տային` մնալով որպես առասպել, բայց դա չեղավ»,- ասաց Ազատ Արշակյանը:

 

Մյուս բանախոսի` ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի կարծիքով`պատմությունը կրկնվում է. Ռուսաստանը դարձյալ փորձում է իրականացնել «Հայաստանն առանց հայերի» ծրագիրը, իսկ իշխանությունները հանկարծ հայտարարեցին, որ ընտրում են Ոսկե հորդան` մտնելով Մաքսային միություն: «Մենք խայտառակ վիճակում ենք, մեզ ուզում են դարձնել անբարոյական ու փչացած, որովհետև փչացածներին ավելի հեշտ է կառավարել»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

 

Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն էլ հիմա Հայաստանում գիտակցության արթնացում է նկատում, մարդիկ ուզում են իրական արժեքներ հաստատել, Հայաստանը փնտրտուքի շրջանում է ու լավ հնարավորություններ ունի ճեղքելու փոփոխությունների շրջանը:

 

ՀՀԿ նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էլ չհամաձայնեց, որ, Մաքսային միություն մտնելով, Հայաստանը կորցնում է իր ինքնիշխանությունը: «Մենք ունենք սահմանների խնդիր, ունենք անվտանգության խնդիր, և Ռուսաստանն է մնում մեր անվտանգության երաշխավորը»,- ասաց նա: