կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-01 14:35
Հասարակություն

«Արմենիա» ավիաընկերությունը կմնա դաշտում միայն առողջ մրցակցության դեպքում

«Արմենիա» ավիաընկերությունը կմնա դաշտում միայն առողջ մրցակցության դեպքում

Դեկտեմբերի 24-ից «Արմենիա» ավիաընկերությունը կվերականգնի ամենօրյա չվերթերը Երևան-Մոսկվա-Երևան ուղղություններով: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանեսյանը:

Նշենք, որ ներկայումս ավիաընկերությունը շարունակում է չարտերային չվերթեր իրականացնել դեպի Թեհրան, իսկ դեկտեմբերի վերջին նախատեսվում են չարտերային չվերթեր դեպի Հռոմ և Հորդանան՝ Ամման:

Օգանեսյանի խոսքով՝ ներկայումս ավիաընկերությունն ունի 53 աշխատակից, ևս 4 երիտասարդ օդաչու պատրաստվում է, և առաջիկայում նրանք կունենան բարձր վարձատրվող աշխատանք: Ըստ նրա՝ հաջորդ տարի «Արմենիա»-ն պատրաստվում է չվերթեր իրականացնել դեպի եվրոպական երկրներ, մասնավորապես` դեպի Լոնդոն, Բարսելոնա, Բրյուսել և այլ ուղղություններով:

«Արմենիա» ավիաընկերության հիմնադիր-նախագահ Թամազ Գաիաշվիլին էլ հայտնեց, որ մինչ օրս ընկերությանը չի հաջողվում թույլտվություն ստանալ Դուբայ և Թել Ավիվ ուղղություններով ուղիղ թռիչքներ իրականացնելու համար: Նա իր մտահոգությունը հայտնեց ներկայումս ավիադաշտում տեղի ունեցող ոչ արդար մրցակցության վերաբերյալ:

«Մենք շատ պլաններ ունեինք, որոնք չիրականացվեցին, քանի որ Հայաստանում այս ոլորտում անբարեխիղճ մրցակցություն է»,-հայտարարեց Թամազ Գաիաշվիլին։

Անդրադառնալով «Պոբեդա» ավիաընկերության կողմից «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվա էժան թռիչքներ իրականացնելուն, նա նշեց, որ այդ ընկերությունը «Աերոֆլոտ»-ի դուստր ընկերությունն է ու ստեղծվել է մրցակիցներին ոլորտից հանելու ու դաշտը մոնոպոլիզացնելու համար:

«Մենք չենք վախենում ազնիվ մրցակցությունից, սակայն, եթե ծառայությունը մատուցվում է ինքնարժեքից ցածր, դա արդեն անազնիվ է»,- ասաց ընկերության հիմնադիր-նախագահը:

Նրա խոսքով՝ իրենց ավիաընկերության տոմսերի գները պայմանավորված են «Զվարթնոց» օդանավակայանում գործող տուրքերի հետ: Գաիաշվիլին նշեց, որ «Զվարթնոց»-ն ամենաթանկ օդանավակայաններից մեկն է՝ թե' մատուցվող ծառայությունների, թե' վառելիքի առումով:

Yerkir.am-ի հարցին, թե հնարավո՞ր է` ընկերությունը փորձի չվերթեր իրականացնել «Շիրակ» օդանավակայանից, հաշվի առնելով, որ այդտեղ հանված է «օդի հարկը», Գաիաշվիլին պատասխանեց, որ առայժմ նման ծրագրոր չունեն, սակայն, եթե անհրաժեշտություն լինի, նաև «Շիրակ»-ից թռիչքներ կիրականացնեն:

Նա հայտնեց, որ առաջիկայում պատրաստվում են ոչ արդար մրցակցության, մասնավորապես` ռուսական ավիաընկերությունների կողմից Հայաստանում իրականացվող ոչ արդար քաղաքականության հարցը բարձրաձայնել կառավարությունում: Ըստ Գաիաշվիլիի՝ իրենք կշարունակեն պայքարել միայն առողջ մրցակցության դեպքում: