կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-23 12:37
Հասարակություն

«Արմենիա» ավիաընկերությունը դեկտեմբերին աննախադեպ զեղչերով չվերթեր կիրականացնի

«Արմենիա» ավիաընկերությունը դեկտեմբերին աննախադեպ զեղչերով չվերթեր կիրականացնի

«Արմենիա» ավիաընկերությունը դեկտեմբեր ամսին աննախադեպ զեղչերով չվերթեր կիրականացնի Երևան-Թել Ավիվ- Երևան և Երևան-Բեյրութ ու հակառակ ուղղություններով: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանեսյանը:

Ըստ նրա` դեկտեմբերին Երևան-Թել Ավիվ-Երևան երկկողմանի չվերթը կարժենա 220 դոլար, իսկ դեկտեմբերի 30-ից հունվարի 6-ը և 31-ից հունվարի 7-ը` ընդամենը 175 դոլար` ներառյալ բոլոր հարկերը: Օգանեսյանի խոսքով՝ դեպի Իսրայել չվերթի մեկնարկից հետո բազմաթիվ զբոսաշրջիկներ են սկսել այցելել Իսրայել: Քիչ չի եղել նաև Իսրայելից Հայաստան ժամանածների թիվը: Օգանեսյանը տեղեկացրեց, որ այս քայլով իրենք նպատակ ունեն շահագրգռելու Իսրայելից Հայաստան եկող զբոսաշրջիկներին, որպեսզի նրանք կարողանան հնարավորինս մատչելի գներով այցելել Հայաստան և Ամանորն անցկացնել մեր երկրում: Ի դեպ, դեպի Իսրայել չվերթերի իրականացման գործում մեծ ներդրում ունի ՔԱԳՎ-ն: 

«Բացի այդ` բանակցել ենք որոշ հյուրանոցների հետ, որպեսզի մեր չվերթով Հայաստան ժամանած հյուրերին որոշակի արտոնություններ տան»,- ասաց նա:

Օգանեսյանը տեղեկացրեց, որ ավիաընկերությունը դեկտեմբերի 18-ից կվերսկսի չվերթերը Երևան Բեյրութ-Երևան ուղղությամբ: Այս ուղղությամբ ավիատոմսը կարժենա 99 եվրո:

Իսկ դեկտեմբերի 15-ին ավիաընկերությունը նախատեսում է վերսկսել նաև դեպի Իրաք չվերթերը, որոնք, վերջին իրադարձությունների հետ կապված, դադարեցվել էին: «Անվտանգության նկատառումներից ելնելով` դադարեցրել էինք դեպի Բաղդադ չվերթերը, սակայն ներկայումս այնտեղ իրավիճակը հանգիստ է, և մարդիկ կարող են հանգիստ մեկնել Բաղդադ»,- ասաց Օգանեսյանը:

Ավիաընկերությունը անակնկալ է պատրաստել նաև իր մշտական ուղևորների համար: «Կան ուղևորներ, ովքեր 20-30 անգամ օգտվել են մեր ավիաընկերության ծառայություններից, հավելյալ զեղչեր կստանան»,- ասաց ավիաընկերության գլխավոր տնօրենը:

Նշենք, որ դեկտեմբերին ավիաընկերությունը կիրականացնի նաև մեկ չարթերային չվերթ` Երևան-Հռոմ ուղղությամբ: