կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-18 13:25
Քաղաքական

ՀՀ-ում պետք է առավելագույնը 30-35 ծառայողական մեքենա լինի. Փաշինյան

ՀՀ-ում պետք է առավելագույնը 30-35 ծառայողական մեքենա լինի. Փաշինյան

ԱԺ-ում 2017թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` ասելով, որ վերջին տարիներին կառավարությունները փոփոխվում են, սակայն տնտեսական մոդելն այդպես էլ չփոխվեց: Ըստ նրա` այն հիմնված է մի քանի բանի վրա` արտահանել ընդերքը, քաղաքացիներին ուղարկել արտասահման` նրանցից տրանսֆերտներ ստանալու հույսով, և տեղում շրջանառել այդ գումարները: Փաշինյանի կարծիքով` քանի դեռ այս տնտեսական մոդելն է գործում Հայաստանում, Հայաստանի տնտեսությունը միշտ էլ կախված է լինելու արտաքին շոկերից` հանքաքարի գին և խոպան գնացողների թիվ:

Իսկ արդյունաբերություն, ըստ պատգամավորի, Հայաստանում չկա: Ըստ նրա` պետք է զարգացնել ռազմաարդյունաբերական համալիրը` դրանում ներգրավելով գիտության գիտատեխնիկական մասը:

Փաշինյանը խոսեց հետախուզման մեջ գտնվող` բանակում ծառայությունից խուսափած քաղաքացիների մասին` ասելով, որ նրանք արտերկրում ուսում են ստացել և ներգրավված են ՏՏ ոլորտում: Նրանց հանդեպ պետք է ցուցաբերել նոր մոտեցում, նրանց գտնել ու ամրագրել, որ եթե նրանք որոշակի ժամանակով կամավոր ծառայության են անցնում ռազմաարդյունաբերական համալիրում, ապա նրանց նկատմամբ դադարեցվում է քրեական պատասխանատվությունը: Ընդ որում` այդ ծառայությունը կարող են ցուցաբերել Հայաստանին` առանց Հայաստան գալու:

Պատգամավորն անդրադարձավ սպառման անկման ցուցանիշներին: Ըստ նրա` 2012-ից հետո իշխանությունները 30 միլիարդ դրամ տարել են ոստիկանության արտաբյուջե, որտեղից էլ փողերը հոսել են օֆշոր. խոսքը չարաբաստիկ արագաչափերի տուգանքների մասին է:

«Զարմանալի պետություն ենք: Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին ծառայողական մեքենա ենք տալիս, մինչդեռ` նրա գործը ավտոբսուի, երթուղայինի մեջ պետք է լինի: Նույն ձևով` տրանսպորտի նախարարության պաշտոնյաներին, որոնց խնդիրը միջմարզային տրանսպորտն ապահովելն է, «Տոյոտա-Քեմրի» ենք տալիս, որ մարզ գնա-գա: Նրանց գործը ավտոբուսների մեջ է, թող նստեն ու տեսնեն, թե մարդիկ ոնց են երթևեկում: ՀՀ-ում պետք է առավելագույնը 30-35 ծառայողական մեքենա լինի»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ պաշտոնյաների ամեն շարժը պետք է ֆիքսվի, որ նրանց ընտանիքի անդամները ծառայողական մեքենաներով չգնան շուկա կամ քեֆ անելու: