|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանի, «Ռադիոիզոտոպների արտադրություն» կենտրոնի տնօրեն Հովհաննես Զոհրաբյանի, ԱՆ ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գյոկչյանի և այլ մասնագետների հետ:
Այս տարվա հունիսին Հայաստանում, Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում, առաջին անգամ իրականացվել է պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիա (ՊԷՏ/ՀՏ) հետազոտությունը։ Վերջինս քաղցկեղի ախտորոշման ու բուժման ընթացքը հսկողության տակ պահելու համար խիստ անհրաժեշտ հետազոտություն է։
Քննարկվել են ծառայության հասանելիությունը մեծացնելու, կենտրոնը զարգացնելու, ինչպես նաև պետության կողմից համավճարի և պետական պատվերի տեղադրման հնարավորությունները։
«Արժե ունենալ նաև գլոբալ օգտագործման ուղեցույցներ, գործելակարգեր` բժիշկների մասնագիտական որակավորումը բարձրացնելու համար և ներառել նաև պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիան», - նշել է Արսեն Թորոսյանը։
Նախարարը նաև հետաքրքրվել է, թե պետական պատվերի տեղադրման դեպքում օնկոլոգիական հիվանդություններ ունեցող պացիենտներից քանի տոկոսին ցուցված կլինի հետազոտությունը։ Մասնագետները հայտնել են, որ նախնական հաշվարկներով ավելի քան 40 տոկոս է կազմում նման պացիենտների թիվը և առաջիկայում կհստակեցվի։
«Ակնկալում եմ, որ առաջիկայում կունենանք հստակ հաշվարկներ՝ հասկանալու համար, թե տարեկան կտրվածքով քանի պացիենտի կարող ենք սպասարկել պետական պատվերի շրջանակներում», - ասել է նախարարը։
Կենտրոնի տնօրեն Հովհաննես Զոհրաբյանը հանդիպման վերջում հայտնել է, որ այժմ ընթանում են քննարկումներ՝ իզոտոպների արտահանում կազմակերպելու ուղղությամբ։