Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Սիվիլնեթ»-ի օպերատոր Սարգիս Խարազյանի գույքը դիտավորությամբ վնասելու դեպքի առթիվ: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու համար։
Ոստիկանության բաժնից Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին ստացվել են նյութեր առ այն, որ 2016թ. սեպտեմբերի 29-ին՝ ժամը 20:30-ից մինչև սեպտեմբերի 30-ը՝ ժամը՝ 08:10-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձը դիտավորյալ կոտրել է բակում կայանված քաղաքացի Ս.Խարազյանին պատկանող «Միցուբիշի Գրանդիս» ավտոմեքենայի ապակիները, վնասել մեքենայի 4 անվադողերը։
Նկատի ունենալով, որ նյութերը պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Ս.Խարազյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։ Մշակվել են քննչական պլան, աշխատանքային վարկածներ և իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վարկածներն ստուգելու, դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունները, ենթարկվել զննության: Նշանակվել են դատակենսաբանական, դատաապրանքաբանական փորձաքննություններ:
Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։