Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի այն հայտարարությանը, թե` «ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում, դրանով զբաղվում են դատական մարմինները»: Նա նշեց, որ նախարարը, թեև երկրում չէ, բայց արդեն արձագանքել է այն իրադրությանը, որ ձևավորվել է հարցազրույցից հետո: Խաչատրյանի կարծիքով` Ալթունյանը, վաղը վերադառնալով, կհանդիպի մահացած երեք ծննդկանների հարազատների հետ:
«Ինչո՞ւ այդ երեքի հետ, որովհետև այդ երեքի հարցն էր բարձրացվում լրագրողների կողմից: Նախ` Մերի Մարգարյանի մահն էր, որ այս տարի չէր այլ 2015 թվականին: Մյուս երկուսից մեկը նոր մահ է, որը նույնպես մեր ուշադրության կենտրոնում է և խիստ քննության առարկա է: Կարծում եմ` վերադառնալուն պես նախարարը կարձագանքի և այդ հարցով կզբաղվի»,- ասաց փոխնախարարը:
Նշենք, որ վերջերս ծննդկան մահացավ Վանաձորի ԲԿ-ում, ավելի վաղ նման մահվան դեպքեր էին գրանցվել «Սլավմեդ»-ում ու «Շենգավիթ» ԲԿ-ում:
Փոխնախարարի կարծիքով` այն տարընթերցումը և կարծիքը, որ, չգիտես` ինչու, ձևավորվեց, չի համապատասխանում իրականությանը: «Իրականում նախարարի հետ մենք բազմաթիվ անգամներ խոսել ենք այս թեմայի շուրջ, յուրաքանչյուր մահվան դեպքը մեզ համար արտառոց դեպք է»,- ասաց Խաչատրյանը:
Նրա խոսքով` յուրաքանչյուր դեպքի տակ թաքնված են երևույթներ, որոնց վերհանումը շատ ավելի կարևոր է և, դրանք վերհանելով, վերլուծելով, դրանցից եզրակացություններ անելով, հնարավորություն է ընձեռվում, որ նման դեպքերը, սխալները չկրկնվեն: