կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-23 15:36
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք ԿԳՄՍ նախարար չունեք, ունենք մարդ, որը չի տիրապետում ոլորտին․ Գոռ Սարգսյան

Այսօր առավոտից ընդունելության քննություններից  հետո դուրս մնացած դիմորդներն ու նրանց ծնողները կրկին բողոքի ակցիա էին իրականացնում, այս անգամ Կառավարության շենքի դիմաց: Նրանք դժգոհում են ԿԳՄՍՆ-ի որդեգրած քաղաքականությունից, որի արդյունքում բարձր ստացած դիմորդները դուրս են մնացել համալսարանից, իսկ 7.5-8 միավոր ստացած դիմորդներն ընդունվել են, քանի որ գերակայությունը տրվել է առաջին հայտին:

«Այս ամենը եւս մեկ ապացույց է, որ ոլորտը չունի համապատասխան ղեկավար, համապատասխան կառավարում, դրա արդյունքում է, որ դիմորդները տեղյակ չեն եղել այդ օրենքի փոփոխության մասին։ Կառավարությունը պարտավոր է լուծում տալու դիմորդների պահանջին»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամ Գոռ Սարգսյանը, որը եւս կառավարության շենքի դիմաց էր եկել՝ ի աջակցություն ուսանողների ու նրանց ծնողների․ «Երեկ փոխնախարարն ասում էր, որ նրանք չեն կարող 15 հազար դիմորդի տեղեկացնել, բայց չէ՞ որ պարտավոր էին օրենքների փոփոխությունների մասին  տեղեկացնել դիմորդին»,- ասաց Գ․ Սարգսյանն ու հստակեցրեց․ «Թեպետ, գիտենք, թե այսօր օրենքների մասին ինչպես են տեղյակ պահում հանրությանը՝ լայվերի ու ստատուսների միջոցով։ Այսօրվա իրականությունը փաստում է, որ չեն կարողացել ճիշտ աշխատել»։

Ըստ բանախոսի, նրանց համար անակնկալ չէր նախարարության նման որդեգրած քաղաքականությունը․ «Մենք դեռ ամիսներ առաջ էինք բարձրաձայնում, որ այս նախարարը չի տիրապետում իր պաշտոնին եւ պետք է օր առաջ հեռանա։ Այս իրադարձությունը փաստում է, որ մենք նախարար չունեք, ունենք մարդ որը չի տիրապետում իր ոլորտին։ Չեմ կարծում, որ Արայիկ Հարությունյանն ի վիճակի է այս հարցին լուծում տալ։ Այս նախարարությունից ես անձամբ ոչ մի ակնկալիք չունեմ, ինձ թվում է, ԿԳՄՍ-ն չի էլ պատկերացնում այս հարցի լրջությունը, Արայիկ Հարությունյանը չի էլ պատկերացնում, որ իրենց նման աշխատանքի արդյունքը ինչի է բերելու։ Նրա հրաժարականի պահանջը առաջինը մենք ենք բարձրացրել եւ մինչեւ այսօր էլ այդ պահանջը դեռ ուժի մեջ է։ Նույնիսկ ակցիաներ ունեինք նախատեսած՝ մեր պահանջը բարձրաձայնելու, սակայն այս հակահամաճարակային իրավիճակը մեզ հետ է պահում։ Բայց, մեր պահանջը չի փոխվել, այս նախարարը օր առաջ պետք է հեռանա»։

Ի դեպ, Մեզ հետ ունեցած ճեպազրույցից հետո արդեն տեղեկացրել էինք, որ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամներ Գոռ Սարգսյանին և Քրիստինե Վարդանյանին, ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչը (գնդապետի ուսադիրներով), առանց այլևայլության պահանջում  էր հեռանալ Կառավարության շենքի առջից:

Զրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում