Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տպավորությունն այնպիսին է, որ բոլորը Հայաստանում գիտեն, թե այսօր` ՀՀԿ ԳՄ և Խորհրդի նիստերից հետո, ով ինչ պաշտոն է ստանալու, եւ ով որ պաշտոնից է ազատվելու: Երթուղայինի վարորդները, օրինակ, երեւանյան լարված երթեւեկին ուշադիր հետևելու փոխարեն, խոսում են, որ Կարեն Կարապետյանը լավ տղա է, մենակ սովորություն ունի նեղանալու, գործը կիսատ թողնելու ու Ռուսաստան խոպան գնալու: Գիտաշխատողները նոր գյուտ անելու կամ գոնե ընկեր ֆիզիկոսի հետ արդի գրականության մասին խոսելու փոխարեն խոսում են, որ Հովիկ Աբրահամյանը նշանակվելու է նախագահի աշխատակազմի ղեկավար: Դե իսկ վարսավիրանոցներում /կանանց/ խոսում են այն մասին, որ Էդվարդ Նալբանդյանը գնալու է Ֆրանսիա՝ երանի նրան… Մի խոսքով` բոլորն ամեն ինչ գիտեն:
Ճիշտ է, ոմանք պնդում են, որ Հովիկ Աբրահամյանը ոչ թե նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակվելու, այլ ՀՀԿ-ում զբաղվելու է կազմակերպչական աշխատանքներով, որոնք անչափ կարեւոր են ճակատագրական խորհրդարանական ընտրություններից առաջ: Իսկ ոմանք էլ նշում են, որ պաշտոնանկ է արվելու նաեւ Սեյրան Օհանյանը, նրա փոխարեն հնարավոր է Վովա Գասպարյանին նշանակեն՝ հույսով, որ չի թողնի, որ այս անգամ թշնամին գրավի մեր դիրքերից որեւէ մեկը, քանի որ ՊՊԾ-ում կատարված իրադարձությունների օրերին, ասում են, պարոն ոստիկանապետը լավ փորձ է ձեռք բերել այս առումով, բայց այս վերջին խոսակցությունները, կարծես, դեռ չեն հաստատվում: ՀՀԿ-ում խոսում են միայն այն մասին, որ Կարեն Կարապետյանը արժանի թեկնածու է՝ վարչապետի:
Բայց այս պատմությունը մի ուշագրավ կողմ ունի. մի շատ կարեւոր հարց կա` եթե այսօր որոշում է կայացվում, որ Հովիկ Աբրահամյանին փոխարինում է Կարեն Կարապետյանը, դրանից անմիջապես հետո ի՞նչ է փոխվելու: Սա շատ կարեւոր հարց է, քանի որ եթե պարզվի, որ ոչինչ չի փոխվելու, նշանակում է, որ վարչապետի փոփոխության նպատակը ոչ թե ինչ-որ բան փոխելն է, այլ ընտրություններին նախապաստրատվելու պրիմիտիվագույն քայլ է, թե` բա տեսեք, հարգելի\' ժողովուրդ, ձեր այդքան չսիրած կառավարությունը փոխում ենք, որ շուտով լավ լինի: Շուտովն էլ, հասկանալի է, 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո-ն է:
Բայց արի ու տես, որ եթե, ի վերջո, այսօր Աբրահամյանին փոխարինի Կարապետյանը, մեր երկրում բան է փոխվելու` անմիջապես, մի կես օրվա ընթացքում: Կառավարության շենքում, վարչապետի ընդունարանի դռան վրա գրված՝ «ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան» գրությունը փոխվելու է «ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան»-ով: Այլ հարց է, թե այս փոփոխությունը որքանով է ազդելու ՀՀ քաղաքացիների բարեկեցության վրա: Ասենք` եթե քաղաքացի Մամիկոնն այսօր, նախքան Աբրահամյանի հրաժարականը, իր գրպանում ունի հազար դրամ, ապա Կարապետյանի նշանակումից հետո այդ հազարը դառնալո՞ւ է երկու հազար, լավ` գոնե հազար հարյուր: Եթե չի դառնալու /եւ, իմ համեստ կարծիքով, չի դառնալու/, ապա քաղաքացի Մամիկոնի համար ի՞նչ կապ ունի վարչապետը Աբրահամյա՞նն է, թե՞ Կարապետյանը:
Մեր երկրում կառավարության փոփոխությունը դեռ կյանքի որակի փոփոխություն չէ: Դատելով ոմանց այն հույսերից, թե` հեսա Կարեն Կարապետյանը գալու է, եւ տես` ինչ լավ է լինելու, ամառները Բալիում ենք հանգստանալու, ձմեռները՝ Ֆինլանդիայում, աշունները՝ Իտալիայում, իսկ գարունները՝ Ամստերդամում, մեր երկրում փոփոխություն միայն մեկ դեպքում կլինի. որպեսզի երկրում փոփոխություն լինի, պետք է փոփոխություն անելու ցանկություն լինի` ե\'ւ իշխանության մոտ, ե\'ւ հասարակության:
Օրինակ` եթե հաջորդ ճակատագրական խորհրդարանական ընտրություններում, որոնց ՀՀԿ-ն արդեն այսօրվանից պատրաստվում է՝ մուլտիկը միացնելով, ժողովուրդը հրաժարվի, պայմանական ասած, հինգ հազար դրամից, կնշանակի, որ ժողովուրդն ուզում է, որ մեր երկրում բան փոխվի: Այդ հինգ հազար դրամն, ի դեպ, որոշիչն է` քանի վերցնում ենք, փոփոխություն չենք ուզում, երբ չվերցնենք, ուրեմն ուզում ենք: Իսկ երբ մի բան ուզում ես… Իշխանությունը թույլ չի տալիս: Չէ, ես վստահ չեմ, ես հարցնում եմ՝ իշխանությունը թույլ չի՞ տալիս:
Հովիկ Աֆյան