Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Եվրոպական կառույցները խստորեն քննադատել ու իրենց մտահոգությունն են հայտնել Թուրքիայում ընդդիմադիր և անկախ լրատվամիջոցների գործունեության դադարեցման դեպքերի առթիվ. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Թուրքական ընդդիմադիր T24 լրատվակայքի համաձայն՝ Եվրախորհրդարանի 59 պատգամավոր նամակ է ուղղել Եվրամիության (ԵՄ) արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ և Եվրախորհրդի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիին: Նամակում պատգամավորները դատապարտել են Թուրքիայում Zarok TV-ի և մյուս ընդդիմադիր հեռուստաալիքների փակման որոշումը:
«Այդ հեռուստաալիքների թվում է նաև քրդերեն Zarok TV-ն, որը քուրդ երեխաների համար միակ հեռուստաալիքն է: Հարգելի' բարձրագույն ներկայացուցիչ, կոչ ենք անում Ձեզ՝ այս զգայուն հարցի շուրջ մեր անհանգստությունը փոխանցել Թուրքիայի պատկան մարմիններին և փակված հեռուստաալիքների, այդ թվում` նաև Zarok TV-ի վերաբացումն ապահովելու համար անհրաժեշտ քայլեր կատարել»,- ասված է նամակում:
Միևնույն ժամանակ, Եվրախորհուրդը հանդես է եկել Թուրքիային ուղղված կոչ պարունակող գրավոր հայտարարությամբ: Հայտարարությունում մասնավորապես նշված է, որ Թուրքիայում զարգացումներն արդեն ցավալի մասշտաբների են հասել:
«2016թ. հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի պատճառով 250 քաղաքացի զոհվեց, ևս 2100-ը վիրավորվեց: Այդ ձախողված հեղաշրջման փորձից հետո 150-ից ավելի զանգվածային լրատվամիջոց է փակվել. այդ թվում՝ 46 թերթ, 29 հեռուստաալիք, 31 ռադիոկայան, 3 լրատվական գործակալություն, 16 ամսագիր, 28 տպագրատուն: Փակված հեռուստաալիքների թվում է նաև քրդերենով մանկական մուլտֆիլմերի եթեր հեռարձակող Zarok TV ալիքը: Եվրախորհուրդը լրջորեն անհանգստացած է 150-ից ավելի ԶԼՄ-ների գործունեության դադարեցումից: Կոչ ենք անում վերաբացել նշյալ լրատվամիջոցները, մասնավորապես` IMC TV-ն և Zarok TV-ն: Անկախ մամուլը պետք է վերականգնվի և շարունակի գործել, աշխատանքից հեռացված լրագրողները պետք է վերադառնան իրենց պարտականություններին:
Կոչ ենք անում թուրք պաշտոնյաներին՝ դադարեցնել քրեական օրենսգրքի դրույթների չարաշահումը, ինչպիսին է, օրինակ, մասնավոր մեդիա կառույցների համար հոգաբարձուներ նշանակելը կամ լիովին բռնագրավումը», - ասված է Եվրախորհրդի հրապարակած հայտարարությունում: