կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-09 01:56
Սպորտ

Երբ հիասթափությունը չունի սահմաններ

 Երբ հիասթափությունը չունի սահմաններ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Մունդիալ-2018-ի ընտրական փուլի հերթական խաղում խոշոր հաշվով պարտվեց Ռումինիայի ընտրանուն: Վարուժան Սուքիասյանի թիմը Հանրապետական մարզադաշտում տեղի ունեցած խաղում հինգ անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը:
Վերջին տարիներին դժվար է հիշել ազգային ընտրանու մի հանդիպում, թեկուզև ընկերական, երբ խաղի նկատմամբ այսչափ անտարբերություն նկատվեր երկրպագուների շրջանում: Խոսքերիս վառ ապացույցն ԵՆ այսօրվա խաղում Հանրապետականի կիսադատարկ տրիբունաները:

Անդրադառնալով բուն խաղին՝ նման պարագաներում ավելորդ է խաղային վերլուծություններ անել, կամ խոսել մեր թիմի թերացումների կամ մարզչի խաղային համակարգի մասին, քանզի ինչպես և նախորդ՝ Դանիայի հետ խաղում, այս խաղում նույնպես չկար մարզչի կողմից մշակված խաղային ձեռագիր, չկար հստակ մարտավարություն, մեր թիմի մոտ ոչինչ չէր ստացվում, հավաքականի ֆուտբոլիստներն ամբողջ խաղի ընթացքում տանջվում էին բառի ամենաուղիղ իմաստով: Եթե Դանիայի հետ խաղում միայն բախտի բերումով պարտվեցինք ընդամենը նվազագույն հաշվով, ապա այս անգամ հանդիպման հաշիվն ամբողջովին համապատասխանեց խաղի ընթացքին:

Ո՞վ է ամենի մեղավորը: Ո՞վ է պատասխանատու հավաքականի նման խայտառակ ելույթի համար: Ինչպես պարզվեց հետխաղային մամուլի ասուլիսի ընթացքում, այս խայտառակ պարտության մեջ հերթական անգամ մեղքի բաժին ունեին նաև լրագրողները. «Այս վատ մթնոլորտը, որ տիրում է Ձեր մեջ, դրանից է, որ ամբողջ թիմը վնասվածքների մեջ է»: Սուքիասյանի այս հայտարարությունից հետո լրագրողները բուռն ծափահարեցին մարզչին:

Ռումինիայի հավաքականից կրած խայտառակ պարտությունը վերջնականապես ջարդուփշուր արեց նույնիսկ ամենամոլի և ամենահավատարիմ երկրպագուների հույսերը, եթե իհարկե մինչ այս խաղը կային այդպիսիք:

Երեք օր անց հավաքականը Վարշավայում մրցելու է Լեհաստանի ընտրանու հետ: Նույնիսկ չարժե պատկերացնել, թե ինչ ավարտ կունենա հանդիպումը: Ի դեպ, Լեհաստանի ընտրանին այսօր 3:2 հաշվով հաղթեց Դանիայի ընտրանուն:

Երվանդ Հակոբյան