կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-07 11:44
Քաղաքական

Սուրիկ Խաչատրյանն առաջին անգամ չէ, որ պաշտոնանկ է արվել ու վերանշանակվել. Զարուհի Փոստանջյան

Սուրիկ Խաչատրյանն առաջին անգամ չէ, որ պաշտոնանկ է արվել ու վերանշանակվել. Զարուհի Փոստանջյան

Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ կառավարության փոփոխություններին ու կազմին` ասելով, որ կառավարության նոր կազմը չի ներշնչում այն փոփոխությունների ակնկալիքը, որն ունի հասարակությունը, մինչդեռ` նախարարությունների կեսը պետք է լուծարվեր, և պետք է տեղի ունենային համակարգային փոփոխություններ:

Անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությանը` Զարուհի Փոստանջյանը կարծիք հայտնեց, որ արատավոր անձանցից ազատվելը եթե չի ենթադրում համակարգային փոփոխություն, ապա դա իմիտացիա է և չի ազդի մարդկանց կյանքի վրա: Նրա համոզմամբ՝ Սուրիկ Խաչատրյանն առաջին անգամ չէ, որ պաշտոնանկ է եղել ու վերանշանակվել:

Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրություններին, մասնավորապես` Վանաձորի ու Գյումրիի ավագանու հետ կապված իրավիճակին, երբ «Լուսավոր Հայաստան»-ը, ԲՀԿ-ն և «Հայկական վերածնունդ»-ը որոշել են միավորվել, Զարուհի Փոստանջյանը նշեց, որ թեև ՏԻՄ ընտրությունները տեղական հարցեր են լուծում, այնուամենայնիվ, ցանկալի է, որ  դրանք լինեն քաղաքական:

«Այդ երեք քաղաքական ուժերի քաղաքական օրակարգը պետք է տարբերվի ՀՀԿ քաղաքական օրակարգից: Ուստի ես չգիտեմ` այդ երեք ուժերը պատրա՞ստ են համակարգային փոփոխության, որ ես նրանց համարեմ ընդդիմադիր կամ ոչ ընդդիմադիր»,- ասաց պատգամավորը: