կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-03 14:14
Քաղաքական

Փաշինյանը զարմացած է, որ Գյումրիում և Վանաձորում ՀՀԿ-ն հաղթեց

Փաշինյանը զարմացած է, որ Գյումրիում և Վանաձորում ՀՀԿ-ն հաղթեց

Առանց ժողովրդի կամաարտահայտության` իշխանափոխություն անել հնարավոր չէ. այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով` քանի դեռ Հայաստանում չի ձևավորվել մեկ ինստիտուցիոնալ ընդդիմություն, երկրում չի լինելու ժողովորդավարական իշխանափոխություն:

«Մենք հավակնել ենք, հավակնում ենք լինել այդ միակ ընդդիմությունը: Դաշինքային հարաբերությունները մեզ համար դժվար պատկերացնելի են, և եթե կան կուսակցություններ, որոնք պատրաստ են ուժերը մեկտեղել, նրանք պետք է համախմբվեն մեկ քաղաքական ուժի շուրջ»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ կուսակցությունների 90%-ի հետ ինքը որևէ համագործակցության եզրեր չի տեսնում՝ դրանց քաղաքական կենսագրությունից ելնելով: «Գուցե կարող է պարզվել` նրանց գործունեությունն ընդունելի է ժողովրդի համար, բայց դա իմ գնահատականը չի փոխում«ժ ասաց նա:

Իրենց պարտությանը Փաշինյանը չցանկացավ վաղաժամ գնահատականներ տալ: «Ես չեմ ուզում վաղաժամ գնահատականներ տալ` հետագայում այդ գնահատականները սրբագրելու համար: Նրանք, ովքեր քաղաքականության մեջ պատրաստ չեն պարտվել, չեն կարող հաղթել: Ցանկացած պարտությունից հետո պետք է ընդունակություն ունենալ անել համապատասխան հետևություն»,- շեշտեց պատգամավորը:

Փաշինյանին զարմացրել է այն հանգամանքը, որ Գյումրիում և Վանաձորում Հանրապետական կուսակցությունը հաղթեց, և ասաց, որ իրենք պետք է հետևություններ անեն այդ արդյունքներից:

Խոսելով ընտրակաշառքների և իշխանության կողմից վարչական լծակների օգտագործման մասին` Փաշինյանը նշեց, որ ինքը, ճիշտ է, խախտումներ նկատել է, ընտրակաշառքի մասին խոսակցություններ լսել է, բայց փաստեր չունի: «Ընտրությունների արդյունքները ճնշող մեծամասնությամբ ծավալվել են հետևյալ կերպ` ընտրողը եկել է, քվեարկել, քվեաթերթիկը գցել քվեատուփի մեջ, համենայն դեպս, այս պահի դրությամբ ես այդպիսի որևէ տեղեկություն չունեմ ընտրակաշառքի մասին, ով որ ինձ ասում է, ասում եմ` խնդրում եմ` բերեք մի հոգի, ով կկանգնի տեսախցիկի առաջ և կփաստի դա, եթե չկա այդ մարդը, ով կգա կասի` այո, ինձ տվել են ընտրակաշառք, ուրեմն այլ տիպի խոսակցությունները ընդունելի չեն ինձ համար»,- նշեց նա:

Ըստ Փաշինյանի` ՀՀ-ում  քաղաքականությամբ անշահախնդիր հետաքրքրված մարդկանց տոկոսը շատ քիչ է, և մեծամասնությունը, եթե հետաքրքրվում է քաղաքականությամբ, դա անում է` իր անձնական շահերից ելնելով, և սա այս տարիների ընթացքում դարձել է հստակ իրողություն: 

Անդրադառնալով այն հարցին` գուցե այս ամենի խնդիրը հենց ընդդիմությա՞ն մեջ է, Փաշինյանն ասաց. «Բոլոր արատավոր երևույթների թիվ մեկ պատասխանատուն իշխանությունն է, բայց այս արձանագրումը բավարար չէ` փոփոխությունների հասնելու համար, դրա համար մենք պետք է անդրադառնանք մեր ընդդիմադիր գործունեությանը: Մինչև մենք ինքնաքննատադաբար չմոտենանք մեզ, չհասկանանք մեր ասելիքի և հանրության արձագանքի ներքին կապերը, տրամաբանությունը, մարդկանց որոշում կայացնելու պրոցեսը մոդելավորված չպատկերացնենք, որևէ արդյունքի չենք հասնի: Ցանկացած ուժ պետք է երկու խնդիր լուծի: Առաջինը` պետք է ճկուն լինի հանրության արձագանքների հանդեպ, մյուս կողմից` պետք է անսկզբունք չլինի»,- ասաց նա:

Yerkir.am-ի հարցին, թե ընտրություններին գրանցվել է շատ ցածր մասնակցություն, ինչո՞վ է պայմանավորում սա, Փաշինյանն արձագանքեց. «Խնդիր կա, մենք չգիտենք, թե Գյումրիում և Վանաձորում ինչքան ընտրող կա ռեալ` այս պահին ներկա, ընտրացուցակներում գրանցվածը ուրիշ է, բայց քանի՞ մարդ է եղել ընտրությունների օրը Վանաձորում և Գյումրիում, մենք դա չգիտենք: Տոկոսը հաշվել ընդհանուր ընտրական ցուցակից` կարծում եմ, որ մի քիչ ճիշտ չէ, բայց մի բան ակնհայտ է` այս ընտրություններում հիմնականում հաջողություն ունեցան այն քաղաքական ուժեր, որոնք կարողացան ընտրողի հետ պայմանավորվել անձնապես, ոչ թե` քարոզչության միջոցով կամ գաղափարապես, կարողացան մարդկանց տեղափոխել մինչև ընտրական տեղամաս և հաղթեցին»:

Մեր դիտարկմանը` ստացվում է Հանրապետական կուսակցությունը ունի փող, տրանսպորտ, նայում են փողին ու տրանսպորտին, պատգամավորն ասաց. «Այն շփումները, որ ես ունեցել եմ Գյումրիում և Վանաձորում, ստիպում են մտածել, որ մարդիկ ծայրահեղորեն փոփոխությունների անհրաժեշտություն ունեն, բայց այն արդյունքները, որ արձանագրվել են ընտրական տեղամասերում, ինձ մոտ հարց են առաջանում` արդյո՞ք մարդիկ ուզում են փոփոխություններ, թե՞ համակերպվել են իրողության հետ, և յոլա գնալը դարձել է ապրելակերպ, կամ էլ` մեր մեջ է պրոբլեմը»:

Հարցին` ընդունո՞ւմ է Հանրապետական կուսակցության հաղթանակը, Փաշինյանը պատասխանեց. «Ուղղակի ընտրությունների արդյունքն ընդունում եմ ի գիտություն»: