կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-27 20:00
Քաղաքական

Երանի մենք էլ բանակ ու ոստիկանություն չունենայինք. ՀՀԿ խմբակցության պատգամավոր

Երանի մենք էլ բանակ ու ոստիկանություն չունենայինք. ՀՀԿ խմբակցության պատգամավոր

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը չի կարծում, որ էական փոփոխությունը կախված է լինելու նախարարությունների անվանումների  փոփոխության հետ, այնուհանդերձ, համամիտ է դրա հետ:

 Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ Սփյուռքի նախարարության կարևորագույն գործառույթը հայրենադարձության խնդիր լուծելն է: «Լինելով ջավախքցի` չեմ ուզում, որ Ջավախքը դատարկվի: Մնացած բոլոր երկրներից կցանկանայի, որ մեր հայրենակիցները հայրենադարձվեն, սա կարելի է ողջունել և ուրախանալ»,- ասաց պատգամավորը` հավելելով` հայրենադարձություն հավելվածը լրացուցիչ իմաստ կտա նախարարության գործառույթներին:

Վարդապետյանի խոսքով` ինքն անձամբ Սփյուռքի նախարարության ստեղծման ջատագովներից է եղել և չի ցանկանա, որ նախարարությունը վերանա: «Ես`որպես ջավախքցի, կարևորել եմ այդ գերատեսչության հնչեղությունը, որ նախարարությունը մակարդակ ունենա: Ինքս էլ առաջարկությամբ եմ այն ժամանակ հանդես եկել»,- ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ եթե ցանկացած նախարարության, գետրատեսչության գործունեության մեջ փնտրում ենք կատարյալը, դժվար հանդիպենք, սակայն դրվատանքի խոսքեր պետք է ասել Սփյուռքի նախարարության հասցեին, չնայած կարելի էր ավելին անել, ավելի լուրջ ձեռքբերումներ ունենալ հայրենադարձության խթանման գործում: Բայց դա պատգամավորը չկապեց նախարարության թերացման հետ, այլ համարեց, որ իրավիճակն է այդպիսին:

«Ես դրական եմ նայում, որ լինի Սփյուռքի և հայրենադարձության նախարարություն: Երանի բուռն հայրենադարձության արդյունքում այլևս չունենանք Սփյուռքի նախարարության կարիքը: Ես կցանկանայի, որ ոստիկանություն  էլ չունենանք, այնպիսի պայմաններ լինեն, այնպիսի քաղաքացիական բարձր կարգուկանոն լինի, որ ոստիկանության կարիք էլ չլինի: Երկրներ կան, որ բանակ էլ չունեն, երանի մենք էլ չունենայինք դրա կարիքը: Դրանք մարդկային կյանքը ավելի դյուրին դարձնելու, հասարակական կյանքը ավելի մատչելի դարձնելու նպատակներ են: Թող Սփյուռքի նախարարություն էլ չունենանք, եթե հայրենադարձության խնդիրը լուծվեց»,- նշեց նա:

Վարդապետյանը նշեց, որ համաձայն չէ տարածված այն կարծիքին, որ Սփյուռքի նախարարությունն ավելորդ է: Մեր խնդրանքին` նշել մեկ կարևոր նախագիծ, որ իրականացրել է Սփյուռքի նախարարությունն իր գործունեության ընթացքում, պատգամավորը նշեց «Արի տուն» ծրագիրը:

Մեզ հետ զրույցում պատգամավորն անդրադարձավ նաև էկոնոմիկայի նախարարության անվանափոխմանը և նշեց, որ մենք ունեցել ենք այնպիսի նախադեպ, որ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունները համատեղ են եղել: «Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունները մեկ միացվել են, մեկ` առանձնացվել, իսկ այս անվանումը շատ տրամաբանական է` ներդրումների և զարգացմանն աջակցման, այստեղ նույնպես իմաստ կա, բայց անվանումները պետք է անպայման համապատասխան բովանդակություն ունենան իրենց գործունեության հետ: Կարևորը աշխատելն է և հաջողություններ ունենալը այդ ոլորտներում»,-ընդգծեց  Վարդապետյանը: