կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-19 12:56
Հասարակություն

Պետությունը պետք է օգնի, թե չէ` ելք չկա, գործարանս կփակվի, ես էլ կգնամ երկրից

Պետությունը պետք է օգնի, թե չէ` ելք չկա, գործարանս կփակվի, ես էլ կգնամ երկրից

Հայաստան հավկիթ ու թռչնամիս միշտ էլ ներկրվել է, բայց «Բաղրամյան» թռչնաֆաբրիկայի սեփականատեր Արմենակ Խաչատրյանը չի հասկանում, թե ո՞րն է պատճառը, որ իր` ներկրմամբ զբաղվելու փաստը դարձավ պատմություն: Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նա նշեց, որ իրենց ասոցիացիայի նախագահը հայտարարություն էր տարածել, ըստ որի` Հայաստան են ներկրվել անհայտ ծագմամբ հավկիթներ, որոնք ներմուծել է «Բաղրամյան» թռչնաֆաբրիկան: Խաչատրյանի հավաստմամբ` դրանք ներմուծվում են ՌԴ-ից, որի գործարանի տերը նույնպես հայ է, և ամենակարևորը` ներմուծված հավկիթների վրա եղել է մակնշում:

«Այնպես չէ, որ առանց մակնշման կամ էլ տեղականի անվան տակ ենք դրանք վաճառել, ոչ, գնորդը տեղյակ է եղել, որ Ռուսաստանից ներմուծված հավկիթ է գնում: Խնդիրն այն է, որ եթե ես այսօր ներմուծմամբ չզբաղվեմ, ուրիշ տարբերակ չունեմ` ընկերությունը պահելու, հիմա արդեն սնանկացման պրոցես է գնում: Ես 450 աշխատակից եմ ունեցել, օրական 350 արկղ հավկիթ արտադրել, իսկ հիմա մի քանի աշխատակից ունեմ և օրական էլ 30 արկղ ձու ենք արտադրում: Մրցակցության համար անառողջ պայմաններ են ստեղծվել»,- ասաց գործարարը, ով նախկինում Հոկտեմբերյանում 2 թռչնաֆաբրիկա է ունեցել, իսկ այժմ գործում է միայն մեկը` Գնդեվազում:

Ըստ Խաչատրյանի` Զատկին և Ամանորին Հայաստան միշտ էլ հավկիթ է ներմուծվել, քանի որ, հակառակ դեպքում, պետք է հավկիթի գինը բարձրացնեն: Նա նշեց, որ հիմա ինքը հավկիթ է ներմուծում, որպեսզի կարողանա իր ընկերության վարկերը փակել և փորձել ոտքի կանգնեցնել այն:

«Նոր վարչապետի հետ էլ կփորձեմ խոսել, քանի որ այսպես անհնար է, պետությունը պետք է օգնի, թե չէ` ելք չկա, գործարանս կփակվի, ես էլ կգնամ երկրից»,- եզրափակեց Խաչատրյանը: