կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-12 14:03
Տնտեսական

WorldFood Moscow 2016. համագործակցության նոր հնարավորություն՝ հայկական սննդարդյունաբերողների համար

WorldFood Moscow 2016. համագործակցության նոր հնարավորություն՝ հայկական սննդարդյունաբերողների համար

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ հայկական 19 ընկերություններ սեպտեմբերի 12-15- ը Մոսկվայում մասնակցում են WorldFood Moscow 2016 միջազգային 25-րդ ցուցահանդեսին։ Այն սննդարդյունաբերության ոլորտի հեղինակավոր միջոցառումներից է, որի հիմնական այցելուներն առևտրային դիստրիբյուտորներ, ներմուծողներ, ոլորտի միջին ու խոշոր գնորդներ են։

Հայկական ընկերությունները ցուցահանդեսին ներկայացնում են սեփական արտադրության՝ հայկական սննդարդյունաբերության հիմնական արտադրատեսակները. մրգային և բանջարեղենային պահածոներ, սառեցված մրգեր և բանջարեղեն, ալկոհոլային խմիչքներ, թռչնամթերք և թռչնամսի կիսաֆաբրիկատներ, մսի և ձկան պահածոներ, ապխտած ձուկ, մարինացված խեցգետին, մեղր, ընդեղեն, թեյի, չրի տեսականի և այլն:

«Ցուցահանդեսին ներկայացված է բավականին մրցունակ հայկական արտադրանք, որոնց շարքում այցելու մեծածախ գնորդ կազմակերպություններն ու առևտրային ցանցերի ներկայացուցիչները կարող են որակյալ արտադրանք գտնել՝ հայկական ընկերությունների հետ համագործակցություն սկսելով կամ ընդլայնելով այն»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը։

Այս տարի ցուցահանդեսին մասնակցում է շուրջ 1600 կազմակերպություն՝ ավելի քան 60 երկրից, իսկ այցելուների թիվն, ակնկալվում է, որ կանցնի 30 000-ից։

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն