Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին օրերին մամուլը հաճախ է գրում այս կամ այն նախարարի հեռանալ-չհեռանալու մասին: Ակտիվորեն քննարկվում է նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնանկության հարցը:
Ուշագրավ է, որ երեկ ռուսական «Ինտերֆաքսը», հղում անելով ՌԴ կառավարությունում իր աղբյուրներին, գրել էր, որ Սեյրան Օհանյանը փոխարինելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային /ՀԱՊԿ նախագահությունը 3 տարի ժամկետով փոխանցվելու է Հայաստանին-խմբ./:
Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու առումով մամուլը շոշափեց նաև ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անունը, ինչը, ըստ իշխանական մեր աղբյուրների, քիչ հավանական է: Խոսվում էր նաեւ այդ պաշտոնում Վիտալի Բալասանյանի հնարավոր նշանակման մասին: Բայց այս տարբերակը եւս իշխանության ներսում քիչ հավանական են համարում:
Մեր տեղեկություններով` վերջին օրերին իշխանական կուլիսներում ակտիվորեն քննարկվում է Պաշտպանության փոխնախարար Մովսես Հակոբյանին պաշտպանության նախարար նշանակելու հարցը: Այն ժամանակ, երբ Հակոբյանին Ղարաբաղից տեղափոխեցին Հայաստան՝ նշանակելով ԶՈՒ շտաբի պետի տեղակալ, խոսվում էր, որ հետո էլ նախարար է նշանակվելու:
Yerkir.am-ի հետ զրույցում Մովսես Հակոբյանը չցանկացավ խոսել իր՝ հնարավոր նշանակման մասին: «Գուշակություններով չեմ զբաղվում»,- ասաց նա: Նաև հրաժարվեց պատասխանել հարցին` եթե նախարար նշանակվելու առաջարկություն արվի՝ կհամաձայնի՞, թե՞ ոչ:
Նշենք, որ Հակոբյանը վերջին շրջանում հաճախ Մոսկվա գործուղումների է մեկնում:
Ի դեպ, շաբաթ օրը լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չէր ցանկացել մեկնաբանել իր պաշտոնանկության մասին լուրերը: