կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-07 11:35
Տնտեսական

Երկրորդ անգամ անցկացվելու է «Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդեսը

Երկրորդ անգամ անցկացվելու է «Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդեսը

Հայաստանն ու Արցախը ներկայացնում են իրենց արտադրական հզորությունները: Հայաստանի զարգացման հիմնադրամը սեպտեմբերի 19-22-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում կազմակերպում է «Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդեսը:

Դա Հայաստանում տեղի ունեցող միջազգային իրադարձություն է, որը յուրօրինակ հաշվետվություն է հայրենական արտադրության արդյունքների ու ներուժի մասին: Հայկական արտադրանքի ու ծառայությունների ցուցահանդեսին Հայաստանից ու Արցախից մասնակցում է ավելի քան 320 ընկերություն` սննդի, ոսկերչության, ալկոհոլային խմիչքների, թեթև արդյունաբերության, դեղագործության, հանքարդյունաբերության, շինանյութերի, ճշգրիտ մեքենաշինության և ՏՏ ոլորտներից: Ցուցահանդեսին մասնակցելու են ընկերություններ ԵՏՄ շուկայից, ԵՄ-ից, Իրանից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Ռուսաստանից, Վրաստանից:

Իսկ սեպտեմբերի 20-ին կազմակերպվելու է տնտեսական համաժողով, որին մասնակցելու են ԵՏՄ երկրներ, Իրանը: Տնտեսական համաժողովի նպատակն է աջակցել հայ արտադրողներին, ստեղծել միջավայր դրսի շուկաները ներկայացնող ընկերությունների հետ համագործակցելու համար:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրեն Կարեն Մկրտիչյանն ասաց, որ ցուցահանդեսի տաղավարները մասնակիցներին տրվելու են անվճար:

«Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդեսն անցկացվում է երկրորդ անգամ, նվիրված է լինելու անկախության 25-ամյակին` որպես յուրօրինակ հաշվետվություն ձեռքբերումների վերաբերյալ: Մկրտիչյանի խոսքով՝ նախատեսվում է հայկական ընկերությունների և անհատ դիզայներների նորաձևության ցուցադրություն իրականացնել, կինոդիտումներ անցկացնել:

Հայաստանի զարգացման հիմնադրամի արտադրության գծով տնօրեն Հայկ Միրզոյանն էլ հավելեց, որ եթե անցյալ տարի համանուն ցուցահանդեսին մասնակցում էր մոտ 300 ընկերություն, ապա այս տարի` արդեն 320: Թեև նոր ոլորտներ չեն ավելացել, սակայն ակտիվ են թեթև արդյունաբերության, ՏՏ ոլորտի, զբոսաշրջության ոլորտներից մասնակցող ընկերությունները: Հայկ Միրզոյանի խոսքով` ցուցահանդեսի կազմակերպիչները ջանում են ակտիվորեն ներգրավել նաև սիրիահայերին: