կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-31 19:09
Քաղաքական

Դավիթ Լոքյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

Դավիթ Լոքյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: 
Նախարար Դավիթ Լոքյանը և դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին ջերմությամբ են հիշել ամիսներ առաջ կայացած իրենց նախորդ հանդիպումը, որի ընթացքում զրուցել են ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև տարածքային և տնտեսական համագործակցության, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաների շուրջ:
Ողջունելով հյուրին` նախարարը բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության հետ տնտեսական կապերի ակտիվացումը և տարածքային համագործակցությունը, մասնավորապես Սյունիքի մարզում` կապված ազատ տնտեսական գոտու խնդիրների հետ: Կողմերը երկուստեք կարևորել են երկկողմ ազատ տնտեսական գոտիների կայացման խնդիրը և այդ գոտիների կայացման համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելը: Նախարար Դավիթ Լոքյանն ընդգծել է մեր երկրում արտադրություններ ունենալու առավելությունները իրանական կողմին նախապես ներկայացնելու, Իրանի գործարարներին ԵԱՏՄ-ի և ՀՀ-ի տեխնիկական կանոնակարգերին և ստանդարտներին ծանոթացնելու կարևորությունը: 
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև առաջիկայում Թավրիզում կայանալիք համաժողովին: Քննարկվել է այդ համաժողովում Հայաստանին առնչվող ծրագրեր ներկայացնելու հարցը: Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին ընդգծել է Կովկասի, մասնավորապես Հայաստանի կարևորությունը ԻԻՀ-ի համար` որպես հարթակ ԵԱՏՄ անդամ երկրների շուկաներ մուտք գործելու համար:
Նախարար Դավիթ Լոքյանը և դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին համակարծիք են եղել, որ Հայաստանի և Իրանի տարածքների միջև դեռևս չօգտագործված ներուժ, համագործակցության բավականին հնարավորություններ ու հեռանկարներ կան: Առաջարկվել է ստեղծել աշխատանքային խումբ, որը հետամուտ կլինի երկու երկրների հարաբերությունների առավել խորացմանը վերաբերող հարցերին: Հայաստանի և Իրանի տարածքների միջև տնտեսական կապերի առավել ամրապնդման տեսանկյունից զրուցակիցները հաճախակի փոխայցելություններից բացի կարևորել են միջմարզային հարաբերությունների զարգացմանն ուղղված գործնական քայլերը: