կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-09 19:35
Հասարակություն

Դավիթ Լոքյանն ընդունել է ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահին

Դավիթ Լոքյանն ընդունել է ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի  նախագահին

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությանը՝ Կոնգրեսի նախագահ  Ժան-Կլոդ Ֆրեկոնի գլխավորությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերից։
Ողջունելով հյուրերին` նախարարը բարձր է գնահատել ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի կողմից ցուցաբերվող աջակցությունը տեղական ինքնակառավարման համակարգի կայացման գործում:  «Այն պարտավորությունները, որ մենք ստանձնել ենք Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգում, մեզ համար շատ կարևոր են և, կարծում եմ, որ մենք կկարողանանք ամբողջապես այդ խնդիրները լուծել մեզ հատկացված ժամանակահատվածում»,-հանդիպման սկզբում ասել է նախարարը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՏԻ վերաբերյալ օրենսդրության բարեփոխումների փաթեթին: Նախարարը նշել է, որ համակարգում առկա խնդիրները` կապված սուբսիդիարության սկզբունքի,  լիազորությունների տարբերակման և սահմանազատման, միջհամայնքային համագործակցության, վարչական վերահսկողության, ֆինանսական համահարթեցման և հարկային տոկոսադրույքների շրջանակի հետ, տեղայնացվելու են օրենսդրական բարեփոխումների փաթեթում:

ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ  Ժան-Կլոդ Ֆրեկոնը շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար և   նշել, որ նախկին Խորհրդային Միության ժողովրդավար երկրների մեջ Հայաստանն ամենից արագ և արդյունավետ կերպով է իրականացնում ապակենտրոնացումը: Պարոն Ֆրեկոնը նշել է, որ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը բարձր է գնահատում Հայաստանի հանձնառությունը  տեղական ժողովրդավարության ամրապնդման գործում ստանձնած պարտավորություններին և գոհունակությամբ փաստել, որ Հայաստանում տեղական ժողովրդավարության ճանապարհային քարտեզի պարտականությունների մեծ մասն արդեն իրականացվել են: «Մենք գիտենք, որ դուք ամեն ինչ անում եք ձեր  կողմից այդ առաջընթացն ապահովելու համար»,-նշել է ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև համայնքների խոշորացման գործընթացին: Նախարարը հյուրերին ներկայացրել է արդեն իրականացված և նախատեսվող պիլոտային ծրագրերը:  

Հանդիպման ավարտին նախարար Դավիթ Լոքյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել   Ժան-Կլոդ Ֆրեկոնին`   Հայաստանի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգում ԵԽ Կոնգրեսի կողմից իրականացվող բարեփոխումների  և շարունակական աջակցության համար: