| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն օգուստոսի 29-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, գերմանա-հայկական ֆորումի նախագահ Ալբերթ Վայլերի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել Ալբերթ Վայլերի ունեցած ներդրումը երկու երկրների միջխորհրդարանական եւ միջպետական հարաբերությունների առավել խորացման եւ զարգացման գործում:
Խորհրդարանի ղեկավարն արժեւորել է ՀՀ Ազգային ժողովի եւ Բունդեսթագի համագործակցությունն ու շփումների ակտիվացումը: Ազգային ժողովի նախագահը ողջունել է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման, փոխվստահության մթնոլորտի ձեւավորման, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցության խթանմանն ուղղված գերմանական կողմի ջանքերը: Այս համատեքստում Գալուստ Սահակյանը կարեւոր է համարել Բունդեսթագի պատգամավորների այցերն Արցախ:
Գալուստ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Գերմանիայի Բունդեսթագին 2016 թ. հունիսի 2-ին Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագծի ընդունման համար: «Համոզված եմ, որ նման ոճրագործություններն ընդունելու եւ դատապարտելու ճանապարհով միայն հնարավոր կլինի կանխել դրանց կրկնությունն ապագայում»,- ասել է Գալուստ Սահակյանը:
Ալբերթ Վայլերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հատկանշական է համարել իր այցը Հայաստան՝ Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագծի ընդունումից հետո: Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ Բունդեսթագի պատգամավորը եւս կարեւորել է երկու երկրների խորհրդարանականների փոխայցերը, հարաբերությունների առավել խորացումը հատկապես տնտեսական ոլորտում: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ Ալբերթ Վայլերը նշել է, որ Գերմանիան իր հերթին ջանում է անել հնարավորը տարածաշրջանային խաղաղության պահպանման համար:
Խորհրդարանի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ պարոն Վայլերի օժանդակությամբ կշարունակվի եւ առավել կզարգանա Գերմանիայի եւ Հայաստանի ավանդական ջերմ համագործակցությունը:
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայ-գերմանական կապերի ամրապնդման եւ միջխորհրդարանական կապերի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Ալբերթ Վայլերին պարգեւատրել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով: