կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-29 13:25
Քաղաքական

Ամեն ինչ սկսվում է ՏԻՄ ընտրություններից. ՀՀԿ

Ամեն ինչ սկսվում է ՏԻՄ ընտրություններից. ՀՀԿ
Այսօր լրագրողների հետ  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը զրուցեց թե\' «Սասնա ծռեր»-ի անդամների ձերբակալության և թե\' ՏԻՄ ընտրությունների մասին:

Նա այն կարծիքին չէ, թե իշխանությունները ոխակալությամբ են լցված «Սասնա ծռեր»-ի անդամների նկատմամբ: Ըստ պատգամավորի` «Սասնա ծռեր»-ի գործողություններն ուղեկվեցին նաև ողբերգությամբ, քանի որ եղավ երեք զոհ, եղան վիրավորներ` երկու կողմից:

«Այսօր «Սասնա ծռեր»-ի անդամների հարցը քաղաքական դաշտից տեղափոխվել է է իրավական դաշտ, և կարևոր է անկողմնակալ ու օբյեկտիվ լուծումը: Հասարակության մեջ կա դժգոհություն ոչ միայն իշխանությունների, այլ նաև ընդդիմության նկատմամբ: 25 տարվա ընթացքում չկա այնպիսի քաղաքական ուժ, որն ընտրությունների ժամանակ այլընտրանքային ծրագիր կառաջարկի: Ամեն ինչ սկսվում է ՏԻՄ ընտրություններից. այն քաղաքական ուժը, որը թամբալություն է անում կամ ռիսկ չի անում մասնակցել ՏԻՄ ընտրությունների, անիմաստ է այդ քաղաքական ուժի մասին խոսելը»,- ասաց Լեռնիկ Ալեքսանյանը:

Նրա համոզմամբ` ՏԻՄ ընտրություններն առավել ակտիվ են Գյումրիում ու Վանաձորում: Պատգամավորը զարմանում է, թե ինչո՞ւ ընդդիմությունը թեկնածու չի առաջադրում ՏԻՄ ընտրություններում: Հարցին, թե ինչո՞ւ ՀՀԿ-ն որոշեց սատարել Սամվել Բալասանյանին, Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանեց, որ խնդիրն այն չէ, որ Սամվել Բալասանյանը ՀՀԿ անդամ չէ, ՀՀԿ-ն վերլուծել է տվյալ թեկնածուի նկատմամբ համայնքի բնակիչների վերաբերմունքը և որոշել, որ Սամվել Բալասանյանն ունի առավել մեծ աջակցություն բնակիչների կողմից:

«ՀՀԿ-ն ճակատ չի տալիս, որ  պետք է անպայման առաջադրվի  ՀՀԿ անդամ թեկնածու: ՀՀԿ-ի համար կարևոր է, որ Գյումրին ղեկավարի մեծամասնության աջակցությունը վայելող համայնքապետ, ով նաև կաշխատի իշխանությունների հետ: Իսկ Սամվել Բալասանյանն աշխատել է իշխանությունների հետ»,- ասաց Լեռնիկ Ալեքսանյանը: