Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տեղեկացրել էինք, որ երեկ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն այցելել էր Լոռու մարզ` հանրակրթական դպրոցների ուսուցիչների և տնօրենների օգոստոսյան խորհրդակցություններին մասնակցելու:
ԿԳ նախարարը նախ ներկայացրեց ԿԳ ոլորտում առաջիկայում կատարվելիք փոփոխությունները: Նա նշեց, որ սեպտեմբերին քննարկման կդրվի «Բարձրագույն կրթության մասին» օրենքը, որը մի շարք փոփոխություններ է կրել: Մասնավորապես` ուսանողը լրացուցիչ առարկաների հաշվին կարող է որոշակի թվով կրեդիտներ հավաքել և, իր ընտրած մասնագիտության հետ մեկտեղ, ստանալ նաև երկրորդ մասնագիտություն:
Բացի այդ, արդեն տեղեկացրել ենք, որ ավագ դպրոցի վերջին` 12-րդ դասարանում, աշակերտը միայն երեք առարկա կանցնի, և դրանք այն առարկաներն են, որոնք պետք են աշակերտին բուհ ընդունվելու համար:
«Սրան կհաջորդի այն, որ 12-րդ դասարանում կրեդիտային համակարգ կներդնենք, ինչը հնարավորություն կտա աշակերտին կրեդիտներ հավաքելու բուհի համար: Սա էլ իր հերթին ուսանողին արդեն հնարավորություն կընձեռի բակալավրիատում սովորել 3 տարի: Մեզ մոտ ընդունված է համարել, որ բակալավրիատը թերի բարձրագույն կրթություն է, սակայն այդպես չէ, այն ամբողջական է, ո՞վ ասաց, որ բոլորը պետք է մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորեն: Բակալավրիատն ավարտելուց հետո ուսանողը նախ պետք է իր ստացած գիտելիքներն աշխատաշուկայում փորձի, և եթե չբավարարեցին դրանք իրեն, կամ այլ աշխատանքի փնտրտուքների հարց կառաջանա, նոր միայն նա պետք է մագիստրատուրա դիմի»,- ասաց Մկրտչյանը: