կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-15 14:40
Հասարակություն

Դժվարին իրավիճակում հայտնված երեխաները կստանան սոցիալ-վերականգնողական ծառայություններ

Դժվարին իրավիճակում հայտնված երեխաները կստանան սոցիալ-վերականգնողական ծառայություններ

Երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ը վերանվանվել է «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ: Հաստատության վերանվանման որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության 11.08.2016թ. նիստում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկանում ենք, որ երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնը հանդիսանալու է սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպություն, որի հիմնական նպատակը Նուբարաշեն, Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններում կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող 3-18 տարեկան երեխաների սոցիալ-հոգեբանական օգնության, իրավական խորհրդատվության, ուսումնադաստիարակչական ծառայությունների, մասնագիտական կողմնորոշման, արվեստի միջոցով թերապիայի, օկուպացիոն թերապիայի (շտկիչ վարժանքներով թերապիա) տրամադրումը, աշխատանքային թերապիայի (16 տարեկանից բարձր երեխաների համար), առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման, ժամանցի, սոցիալական ներառմանն ուղղված այլ միջոցառումների կազմակերպումն է:

Կենտրոնի ծառայությունները շուրջօրյա բնույթ չեն կրելու, դրանք լինելու են որոշակի ժամերին տրամադրվող բազմաբնույթ սոցիալական ծառայություններ, որոնք ստանալուց հետո երեխան վերադառնալու է ընտանիք և չի գիշերելու կենտրոնում: Անհրաժեշտ սոցիալական ծառայություններ տրամադրվելու են նաև կենտրոն հաճախող երեխաների ընտանիքներին: Կենտրոնի գործարկմամբ կապահովվի Նուբարաշեն, Էրեբունի, Շենգավիթ վարչական շրջաններում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը, այլընտրանքային ծառայությունների տրամադրման միջոցով հնարավորինս կկանխարգելվի երեխաների մուտքը շուրջօրյա խնամքի հաստատություններ: Երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակներում նմանատիպ ծառայություններ կտրամադրվեն նաև հանրապետության մարզերում: