կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-08 17:52
Հասարակություն

«Նիսյայով» ծիրան են վերցրել գյուղացիներից ու չեն կարողացել արտահանել

«Նիսյայով» ծիրան են վերցրել գյուղացիներից ու չեն կարողացել արտահանել

Վերին Լարսի անցակետի փակ լինելու պատճառով վնասներ են կրել դեպի Ռուսաստան, Վրաստան  փոքր ծավալներով ծիրան արտահանողները: Yerkir.am-ի հետ զրույցում Արարատի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ բողոքեցին, որ թեև ծիրանի բերքն այս տարի առատ էր, բայց հիմա էլ առաջ է եկել արտահանման խնդիր` Լարսի անցակետի փակ լինելու պատճառով: Վիճակը ծանրանում է նրանով, որ այդ փոքր արտահանողները ծիրանը գյուղացիներից վերցրել են  հիմնականում «նիսյայով»` խոստանալով վճարել ապրանքը Ռուսաստանում, Վրաստանում վաճառելուց հետո:

Արարատի մարզի Նոյակերտ համայնքի ղեկավար Հովհաննես Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց գյուղից արտահանվել է բավական մեծ քանակի ծիրան: «20 տոննայանոց ֆուռերը Ռուսաստանի ուղղությամբ են շարժվում, իսկ 10 տոննայանոցները`Վրաստանի: Մենք ունենինք վաղահաս ծիրաններ, որոնք մինչև անցակետի փակվելն են տարվել, իսկ հիմիկվա ծիրանի դեպքում էլ ասեմ, որ  մի մասը հաջողությամբ տեղ է հասել, իսկ մի մասը` ոչ, քանի որ Լարսը փակ է եղել, ու մթերքն էլ էդքան որ մնացել է, պարզ է արդեն, թե ինչի վերածված կլինի: Բայց ամբողջ բերքի մասին չէ խոսքը: Հետո ասեմ նաև, որ մեքենաներ էլ կան, որ Լարսի անցակետից շրջվել են դեպի Փոթի՝ այդ ուղղությամբ ծիրանները մի կերպ տեղ հասցնելու համար»,- ասաց գյուղապետը:

Արմաշի գյուղապետ Հակոբ Զեյնալյանն էլ նույն մտահոգությունը հայտնեց,  բայց նաև ընդգծեց, որ, ի տարբերություն մյուս գյուղերի, իրենց մոտ վաղահաս տեսակներն էին ավելի շատ, և արտահանումն էլ ավելի շուտ են կազմակերպել: «Մենք հիմնականում գումարը վերցրել ենք նախապես ու էդ խնդիրը չունենք, բայց դա քիչ քանակի բերքի դեպքում: Ֆուռեր կան, որ շատ են բերք տարել ու գումարը կիսով չափ են տվել, այ դա արդեն խնդիր է առաջացրել»,- ասաց նա: