Բրիտանական BBC լրատվական ծառայության թղթակիցը զրուցել է Թուրքիայում բնակվող 13-ամյա Էբու Հաթթաբ անունով սիրիացի երեխայի հետ, որը ցանկանում է անդամակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը: Ինչպես իրազեկում է թուրքական Birgun թերթի կայքը, հարցազրույցը տեղի է ունեցել հենց Հաթթաբի տանը, իսկ նա եղել է դիմակով. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Տղան պատմել է, որ միշտ դիտում է ԻՊ-ի հրապարակած տեսանյութերը և «Ֆեսյբուք»-ի միջոցով զրուցում ԻՊ-ի զինյալների հետ: Ասել է, որ առաջիկայում գնալու է Սիրիայի Ռաքքա քաղաք, որպեսզի մասնակցի ԻՊ-ի գործողություններին: Նույնիսկ թղթակցին ցուցադրել է իրեն պատկանող զենքերը, որոնք պահում է տանը:
Հարցին, թե ինչո՞ւ մյուս երեխաների նման չի վայելում իր մանկությունը, պատասխանել է, թե ցանկություն չունի նմանվել իր հասակակիցներին: Ըստ տղայի` այն ճանապարհը, որն ինքը այժմ ընտրել է, ճշմարիտ է:
Նրան հարցրել են նաև, թե արդյո՞ք հարձակում կիրականացներ Անգլիայում կամ Թուրքիայում: «Անգլիային հարվածելը անհրաժեշտություն է, քանզի ՆԱՏՕ-ի անդամ է և ԻՊ-ի դեմ է գործում: Սակայն մենք միայն սպանում ենք նրանց, ովքեր արժանի են դրան: Եթե ինձնից պահանջեն, որ Թուրքիայում հարձակում իրականացնեմ, ապա ես դա կանեմ»,- ասել է Հաթթաբը:
Հարցին, թե ի՞նչ զգացում կունենա, երբ որդին սպանվի ԻՊ-ի մարտերում, երեխայի մայրը պատախանել է. «Շատ երջանիկ կլինեմ»: