կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-10 19:53
Քաղաքական

Պարսկալեզու ԶԼՄ-ներն արձագանքել են Հայաստանում կայացած ԱԺ արտահերթ ընտրություններին

Պարսկալեզու ԶԼՄ-ներն արձագանքել են Հայաստանում կայացած ԱԺ արտահերթ ընտրություններին

Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները, համեմատած նախորդ ընտրությունների հետ, անհամեմատ ավելի լայն արձագանք է գտել իրանական եւ պարսկալեզու այլ ԶԼՄ-ներում, որոնք վերաբերում են թե՛ ընտրությունների ընթացքին եւ թե՛ արդյունքներին: Հանգամանք, ինչն առաջին հերթին պետք է կարեւորել Հայաստանը պարսկալեզու հանրությանը ներկայացնելու տեսանկյունից, անկախ տվյալ լրատվամիջոցի կողմնորոշումից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ IRNA պաշտոնական գործակալությունը «Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունները սկսվել են» հրապարակման մեջ, հայկական աղբյուրները վկայակոչելով, հստակ ներկայացրել է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին եւ ընտրելու իրավունք ունեցողների թիվը: Անդրադարձել է նաեւ 2015թ. Սահմանադրության փոփոխությանը, Հայաստանի աշխարհագրական դիրքին ու բնակչության թվին: Միաժամանակ նշել է, որ, հարցումների արդյունքներով, Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը հաղթելու է ձայների 68 տոկոսով:
Isna-ն, որն IRNA-ից հետո Իրանի խոշորագույն լրատվական գործակալությունն է, դեկտեմբերի 9-ին «Փաշինյանի ոստյունը դիրքերը ամրապնդելու համար» հրապարակման մեջ նշում է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, օգտվելով ընտրությունների ստեղծած հնարավորությունից, ցանկանում է ամրապնդել դիրքերը: Անդրադարձել է նաեւ թավշյա հեղափոխությանը: Isna-ն նշել է նաեւ, որ հեղափոխությունը տեղի ունեցավ ընդդեմ կոռումպացված «խնամի-բարեկամ» իշխանական համակարգի, ինչի արդյունքում Փաշինյանը դարձավ վարչապետ: Կարճ անդրադարձ է եղել նաեւ Փաշինյանի կենսագրությանը եւ շեշտվել, որ նրա իշխանության գալով Հայաստանը հեռանում է 1990-ականներից երկիրը կառավարող կադրերից: Իսկ դեկտեմբերի 10-ին Isna-ն, «Փաշինյանի գլխավորած դաշինքի վճռորոշ հաղթանակը» վերնագրով թղթակցության մեջ շեշտել է, թե Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը ձայների 70 տոկոսով վճռորոշ հաղթանակ է արձանագրել: Ապա` անդրադարձել է մասնակից ուժերի արդյունքներին՝ նշելով, որ ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն դուրս են մնացել խորհրդարանից: Այնուհետեւ կրկին նշվել է «հայ-ռուսական փոխհարաբերությունների կարեւորումը նոր իշխանությունների կողմից», ինչպես նաեւ, որ արցախյան հիմնահարցում Փաշինյանը շարունակելու է հավատարիմ մնալ նախկին դիրքորոշմանը:
«Mehr» գործակալությունը «Քվեարկությունը ավատվեց» հրապարակման մեջ նշել է, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության է եկել մայիսյան բողոքի ցույցերի արդյունքում եւ արտահերթ ընտրություններով ձգտել է հնարավորինս ամրապնդել իր իշխանության հիմքերը: Անդրադարձ է եղել նաեւ խորհրդարանի լուծարմանը, ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին, ինչպես նաեւ հայ-ռուսական փոխհարաբերություններին, ապա հավելվել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ Ղարաբաղի պատկանելության հարցում 1994-ից ի վեր տարաձայնություններ կան: 
«Համշահրի օնլայն» օրաթերթը եւս անդրադարձել է Հայաստանի արտահերթ ընտրություններին՝ «Իմ քայլը» դաշինքի հաջողությունը գնահատելով վճռորոշ, անդրադարձել է նաեւ խորհրդարանում տեղ գտած ուժերին ու պարտվածներին: 
Արեւմտյան հայտնի ԶԼՄ-ները եւս, եւ ոչ միայն, իրենց պարսկալեզու ծառայություններում լայնորեն անդրադարձել են արտահերթ ընտրություններին ու դրանց արդյունքներին: Ամերիկյան «radiofarda.com»-ը «Վարչապետի կողմնակիցների ակնառու հաջողությունը» ծավալուն հրապարակման մեջ նշել է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները շատ հանգիստ, ձայների 70 տոկոսով հաջողության են հասել: Հրապարակման մեջ խոսվել է նաեւ անցողիկ շեմը հատած մյուս ուժերի մասին՝ հավելելով, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն արեւմտամետ է: Այնուհետեւ բավական հանգամանորեն ներկայացվել են բողոքի ցույցերն ու թավշյա հեղափոխության հաղթանակը: Նշվել է, որ Փաշինյանն ընտրությունները գնահատել է ժողովրդավարական ու թափանցիկ: «bbc.com» կայքը «Վարչապետի մեծ հաղթանակը խորհրդարանական ընտրություններում» բավական ծավալուն հոդվածում նշել է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շուրջ 7 ամիս առաջ առաջնորդել է Հայաստանում խաղաղ հեղափոխությունը, իսկ այժմ արտահերթ ընտրություններում, որին մասնակցել է ընտրողների 49 տոկոսը, ձայների 70 տոկոսով փայլուն հաղթանակ է արձանագրել: «bbc. com»-ը ընտրությունների ընթացքի առնչությամբ նշել է, թե պատմականորեն դրանք ուղեկցվել են կեղծիքների ու ձայների գնելու մեղադրանքներով, սակայն ԶԼՄ-ները հույս էին հայտնում, որ այս ընտրությունները տարբերվելու են նախորդներից: Այնուհետեւ ընդգծել է, որ այժմ Փաշինյանը տնտեսական բարեփոխումներ իրականացնելու եւ կոռուպցիայի դեմ պայքարելու համար խորհրդարանում ունի անհրաժեշտ մեծամասնություն: Այնուհետեւ անդրադարձել է ընտրությունների արդյունքներին՝ նշելով, որ անցողիկ 5 տոկոսի սահմանը հատել է 3 կուսակցություն: Բրիտանական գործակալությունը շեշտել է նաեւ, որ Երեւանում քվեարկողները հույս էին հայտնում, թե Փաշինյանը կյանքի է կոչելու իր հավակնոտ բարեփոխումները, որ խոստացել է: Այս լրատվամիջոցը անդրադարձել է նաեւ ընդդիմության տեսակետներին ու նրանց քննադատություններին նոր իշխանությունների հասցեին: