Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հայտնվել է միջպետական սկանդալի կենտրոնում: Մամուլում շրջանառվում են լուրեր այն մասին, որ Գալուստ Սահակյանն ընդունել է Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբլիովին, այցը ձևակերպելով` որպես «մասնավոր», այն դեպքում, երբ մյուս կողմն այն ներկայացրել է իբրև աշխատանքային հանդիպում-քննարկում, հրապարակել հանդիպման լուսանկարները: Փաստը, ըստ մամուլի, խիստ զայրացրել է պաշտոնական Վրաստանին, որը ՀՀ-ից պարզաբանում են ակնկալում:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, սակայն, հավաստիացրեց, թե միջպետական որևէ սկանդալի հարց չկա:
«Օսեթիայի Ազգային ժողովի նախագահը Լեռնային Ղարաբաղ պաշտոնական այցի ժամանակ ցանկություն է հայտնել ցավակցել` ապրիլի 24-ի հետ կապված: Դա տևել է 5 րոպե, ցավակցել ու գնացել է: Այդտեղ որևէ պաշտոնական հանդիպում չի եղել»,- լրագրողների հետ զրույցում վստահեցրեց նա և նշեց, թե «մարդիկ կարող են ցանկացած մեկի հետ ազատ հանդիպում ունենալ»:
Հարցին՝ դիվանագիտության տեսանկյունից ճի՞շտ էր հանդիպել Օսիայի ինքնահռչակ հանրապետության խորհրդարանի խոսնակի հետ, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, թե հանդիպումը պաշտոնական բնույթ չի ունեցել: «Մարդը խնդրել է, որ գա, 5 րոպեով ցավակցի ու գնա: Ցավակցել ու գնացել է»,- ասաց նա:
Վահրամ Բաղդասարյանը նշեց, թե երեկ սխալ տեղեկատվություն է տարածվել, որն ուղղվել է: «Վրաստանը հասկացել էր, որ եղել է պաշտոնական հանդիպում ԱԺ-ում, բայց հանդիպումը եղել է Ղարաբաղում: Հրավերը եղել է ԼՂ ԱԺ-ի կողմից, նա էլ գնացել է Արցախ: Ի՞նչ կա, մարդը ցավակցել է, ես ներկա եմ եղել: Միջպետական սկանդալ չի եղել, չի կարող լինել: Ազատ են հանդիպել: Եթե մարդը ուզում է ցավակցել՝ Չեչնիան կլինի, Ադրբեջանը, ես պատրաստ եմ հանդիպել»,- եզրափակեց Բաղդասարյանը:
Նշենք նաեւ, որ Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանանին մայիսի 4-ին հրավիրել էին Վրաստանի ԱԳՆ՝ բացատրություններ տալու: