կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-20 17:23
Քաղաքական

ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Այրում, Բաղանիս, Կողբ, Իջևան

ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Այրում, Բաղանիս, Կողբ, Իջևան

Տավուշի մարզում  ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, ԳՄ անդամ  Աշոտ Փափազյանն ու ԳՄ կազմակերպական լիազոր մարմնի անդամ Արտակ Սարգսյանը հանդիպեցին կուսակիցների ու համակիրների հետ, մասնավորապես`  եղել Այրումում, Բաղանիսում, Կողբում, Իջևանում: Քննարկումներ ծավալվեցին երկրի առջև ծառացած խնդիրների, մարդկանց սպասելիքների վերաբերյալ:

Աղվան Վարդանյանն իր խոսքում անդրադարձավ Հայաստանի 25-ամյա անկախ պետականությանը,  ՀՅԴ-ի քաղաքական ուղեգծին: Նրա  խոսքով` քաղաքական ուժերի ու կուսակցությունների, իշխանության և ընդդիմության հանդեպ կա անվստահություն, և մարդիկ շատ հաճախ իրենց հույսը չեն կապում քաղաքական ուժերի հետ, բայց աշխարհում այլ մեխանիզմ չկա` երկիրը կառավարելու, որովհետև ղեկավարման մեկ ձև կա` ընտրություններ, որին մասնակցում են քաղաքական ուժերը` իրենց մարդուժով, իրենց ծրագրերով, գաղափարներով, և, կախված նրանից, թե ով է իշխանության ղեկին, այդպիսին էլ լինում է երկրի վիճակը:

«Մի հին իմաստուն  խոսք կա, որ ցանկացած ժողովրդի մեջ հինգ տոկոսն ամենալավերն են, հերոսներն են, ազնվագույնները, հինգ տոկոսը ստոր մարդիկ են, տականքները, և 90 տոկոսը պարզ մարդիկ են: Եվ, կախված նրանից, թե որ հինգ տոկոսն է իշխանության ղեկին, այն 90 տոկոսը սկսում է նմանվել նրան և նրա պես մտածել»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Այրումի բնակիչներից մեկը մտահոգված էր քաղաքի զարգացման` կառավարության նախատեսած ծրագրերի արդյունավետությամբ: Նա ասաց, որ բնակչությունը իրազեկված չէ, թե ինչ ծրագիր է իրականացվում քաղաքում, և որ ծրագրերի արդյունավետության խնդիր կա: «Կարող է 2-3 միլիոնանոց ծրագիր իրականացվել, բայց` անարդյունավետ, բայց բավական է 10-15 հազար դոլար ներդրում արվի ճիշտ ուղղությամբ, և մարդիկ կսկսեն շնչել»,- ասաց Այրումի բնակիչը:

Աղվան Վարդանյանը նշեց, որ ուրախ կլինեն, որ դաշնակցական նախարարների գործունեությունը լինի մանրադիտակի տակ, որովհետև վստահ են նրանց գիտելիքներին ու կարողություններին,  խղճին ու ազնվությանը: Նա հավելեց, որ դաշնակցական նախարարներից երկուսի` էկոնոմիկայի նախարարի ու տարածքային կառավարման նախարարի գործունեությունը  կապված է բնակչի բարձրացրած` այդ կարգի հարցերի հետ:

Թե' Այրումի, թե' Բաղանիսի, թե' Իջևանի բնակիչները բարձրացրեցին աշխատատեղերի ու համայնքների խոշորացման հետ կապված մտահոգություններ: Ի  պատասխան, Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ համայնքների խոշորացումը ժամանակի պահանջ է, և փոքր երկրում 930 համայնք ունենալը ճիշտ չէ, այդպես հնարավոր չէ օպտիմալ կառավարում իրականացնել, իսկ համայնքների միավորումը պետք է ճիշտ կատարել` և' աշխարհագրական, և' պատմական, և' հոգեբանական, և' սոցիալ-տնտեսական առանձնահատկությունների առումով:

Բնակիչները մտահոգված էին, որ համայնքների միավորումը հավասարաչափ չի տեղի ունենում` մի տեղ երկու գյուղ է միավորվում, մել այլ տեղ` 6-7 գյուղ: Բաղանիսի բնակիչներից մի քանիսն էլ, որպես կոմպրոմիսային լուծում, առաջարկեցին ընտրել միջհամայնքային համագործակցության մոդելը:

ԳՄ ներկայացուցիչները եղան նաև Կողբի գեղարվեստական դպրոցում ու ծանոթացան սաների աշխատանքներին:

Իջևանում ԳՄ ներկայացուցիչները հանդիպեցին ՀՅԴ Իջևանի կառույցի անդամների հետ: Քննարկվեցին նոր դիմումագրերը, կուսակցաշինության վերաբերող մի շարք հարցեր: Նշվեց, որ կուսակցությունն ակտիվորեն մասնակցելու է առաջիկա ՏԻՄ ընտրություններին: