Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախում զոհված հերոսների անչափահաս երեխաները ԵՊՀ-ի կողմից ամեն ամիս կստանան 40.000 դրամ օգնություն:
Ռեկտորատի նիստում քննարկվել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի՝ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին զոհված սպաների և ժամկետային զինծառայողների անչափահաս երեխաներին դրամական օգնություն տրամադրելու մասին առաջարկը:
ԵՊՀ կայքից տեղեկանում ենք, որ արդյունքում որոշվել է զոհված սպաների, պարտադիր և ժամկետային զինծառայողների անչափահաս երեխաներին յուրաքանչյուր ամիս տրամադրել 40.000 դրամ՝ մինչև չափահաս դառնալը: Ընդհանուր առմամբ՝ հունիսի 1-ից 13 ընտանիքի 29 անչափահաս Մայր բուհի կողմից ֆինանսական աջակցություն կստանա:
ԵՊՀ-ն այս սոցիալական ծրագրի շրջանակներում պատրաստակամություն է հայտնել նաև ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների՝ ներկայումս պետհամալսարանում ուսանող երեխաներին մինչև ուսումնառության ավարտը տրամադրել ուսման վարձավճարի փոխհատուցում: Զոհված զինծառայողների զավակները, ովքեր կմասնակցեն ԵՊՀ 2016-2017 ուստարվա ընդունելությանը և կհամալրեն համալսարանականների շարքերը, նույնպես կստանան զեղչեր:
Ծրագիրը համակարգող և իրականացնող ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը նշեց, որ իրենց աշխատակիցներն արդեն իսկ սկսել են կապ հաստատել ապրիլի սկզբին տեղի ունեցած լայնամասշտաբ ռազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքի անդամների հետ:
«Մեր աշխատակիցները ծրագրում ներառված զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին հանգամանալից ներկայացնում են ծրագիրը, գումարը ստանալու համար պահանջվող փաստաթղթերը, հաշվեհամարներ ու այլ մանրամասներ»,- նշել է Արմեն Ավետիսյանը և հավելել, որ հունիս ամսվա ընթացքում բոլոր նրանք, ովքեր կներկայացնեն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, արդեն իսկ կստանան այս ամսվա համար նախատեսված գումարը:
Հավելենք, որ սոցիալական ծրագիրը ներառում է ոչ միայն ՀՀ ԶՈՒ, այլև ԼՂՀ ՊԲ զոհված զինծառայողների անչափահաս երեխաներին: