կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-31 16:52
Հասարակություն

Առաջիկայում կխոշորացվի ևս 183 համայնք

Առաջիկայում կխոշորացվի ևս 183 համայնք

Այս տարի նոր թափով կշարունակվի համայնքների խոշորացման ծրագիրը` ընդգրկելով 4 մարզ` Շիրակը, Վայոց ձորը, Արագածոտնը և Սյունիքը: ՀՀ տարածքային կառավարման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանի խոսքով` նախորդ տարի մշակված համայնքային երեք փնջերին կավելանան ևս 13-ը: Մասնավորապես ` Սյունիքի մարզի Մեղրիի փունջը կընդգրկի Մեղրիի նախկին շրջանի տարածքի գյուղերը, Գորիսին կմիանա ևս 9 համայնք, Տեղ համայնքին` հարակից 6 բնակավայրը, և Գորայքի փունջը կընդգրկի հարակից 4 գյուղական համայնքները:

Վայոց ձորում Ջերմուկ, Զառիթափ և Վայք համայնքներից յուրաքանչյուրին կմիացվի հարակից 4 կամ 5 համայնք:

Արագածոտնում Ծաղկահովիտի և Ալագյազ համայնքներին կմիացվեն հարակից համայնքները:

Շիրակի մարզում 4 համայնքային կենտրոններ կլինեն, որոնց շուրջ կհամախմբվեն նախկին շրջանների մեջ մտնող գյուղերը. մասնավորապես` հարակից գյուղերը կընգրկվեն Աշոցքի, Ամասիայի, Բերդաշենի համայնքային կենտրոններում:

Գիլոյանի խոսքով` մետ 183 համայնք խոշորացվելու է: ՏԿՆ պաշտոնյայի խոսքով` նախորդ տարի իրականացված` համայնքների խոշորացման արդյունավետությունն արդեն տեսանելի է, մասնավորապես` փոխվել է խոշորացված համայնքների կառավարման արդյունավետությունը, ձևավորվել է մրցակցային ավագանի և այլն:

Ըստ նրա` այս ընթացքում այդ համայնքներում լուրջ կրճատումներ չեն կատարվել, շատ համայնքներում պարզապես որոշ հաստիքներ վերաձևակերպվել են: Սակայն դեռևս որոշ ժամանակ է անհրաժեշտ այս ծրագրի լիարժեք արդյունավետությունը տեսնելու և տված օգուտները հաշվելու համար:

Նշենք, որ 2015 թվականին մեկնարկեց համայնքների խոշորացման գործնական փուլը. մայիսի 17-ին ՀՀ Լոռու մարզի Թումանյան, ՀՀ Սյունիքի մարզի Տաթև, ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքային փնջերում անցկացվեցին տեղական հանրաքվեներ: Այդ արդյունքները թույլ են տվել ենթադրել, որ անհրաժեշտ է ապահովել համայնքների խոշորացման գործընթացի շարունակականությունը, մասնավորապես` մշակել կիրարկումն ապահովող իրավական ակտերի նախագծեր: Հենց այդ նպատակով էլ ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից մշակվեց և ՀՀ կառավարությանը ներկայացվեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծային փաթեթը: