«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ի թիվս Հայաստանի մի շարք համայնքների՝ 2022-ին Ալավերդին էլ կխոշորացվի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Ալավերդին կխոշորանա՝ ընդգրկելով նախկին Թումանյանի տարածաշրջանի համայնքները: Ըստ նախնական որոշման՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն այս տարվա աշնանն են նախանշված։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, սակայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մտադիր է ընտրությունը մի ոտ առաջ՝ գարնանը կամ ամռան սկզբին կազմակերպել:
«Ժողովուրդ» օրաթերթը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացավ, որ 2022-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար առայժմ 3 օր է առանձնացվել՝ մարտի 27-ին, հունիսի 6-ին եւ սեպտեմբերի 25-ին:
Տեղեկացանք, որ մարտի 27-ին Վեդիում նոր ընտրություններ կանցկացվեն: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից էլ հայտնեցին, որ Ալավերդիում ընտրությունները սեպտեմբերի 27-ին են նախատեսված: Ինչ վերաբերում է հավանական թեկնածուներին, ապա հիմնական ֆավորիտները նախկին ու ներկա իշխանությունների ներկայացուցիչները կլինեն:
«ՀՀԿ-ն, անխոս, կունենա իր թեկնածուն, որովհետեւ Ալավերդիի տարածաշրջանում կուսակցությունն անգամ իշխանափոխությունից է մեծ թվով ձայներ ստացել: Թե ով կգլխավորի ցուցակը, դրա մասին խոսելը դեռ վաղ է»,- ասաց «Ժողովրդի» ՀՀԿ-ական աղբյուրը:
Իշխող «Քաղաքացիական պայմանագրում», որպես համայնքապետի թեկնածու, պատգամավոր, ծնունդով ալավերդցի Արեն Մկրտչյանի անունն է շրջանառվում: «Իհարկե այլ անձանց թեկնածություն նույնպես կդիտարկվի, բայց Մկրտչյանի մասով կարծես թե դեմ կարծիքներ չկան»,- հավելեց ՔՊ-ամերձ մեր զրուցակիցը»:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում