կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-26 14:19
Քաղաքական

Վահրամ Բաղդասարյանը հորդորում է այդքան չկենտրոնանալ կորցրած 800 հեկտար տարածքի վրա

Վահրամ Բաղդասարյանը հորդորում է այդքան չկենտրոնանալ կորցրած 800 հեկտար տարածքի վրա

Ալիևը հերոսանում է այդ տարածքներով` որպես գրավյալ տարածներ, որոնք իբրև թե տնտեսական նշանակություն ունեն, բայց մենք ասում ենք, որ չունեն այդ նշանակությունը. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` պարզաբանելով 800 հեկտար տարածքների վերաբերյալ իր հնչեցրած տեսակետը, թե դրանք ամայի տարածքներ են:

Մեր այն դիտարկմանը, թե այդ տարածքների համար այդքան զոհեր տվեցինք, նա պատասխանեց. «Մենք խոնարհվում ենք բոլոր զոհերի առջև, բայց այդ տարածքների մասին էլ ասեմ, որ երբ Ալիևը հերոսանում է` ասելով, որ դրանք գրավյալ տարածքներ են, որոնք տնտեսական նշանաակություն ունեն, այդպես չէ: Մենք էլ ասում ենք, որ չունեն այդ նշանակությունը: Նա ասում է, որ մարդաբնակ բնակավայր է և այլն, բայց չկա նման բան, դրանք անմարդաբնակ են, և մենք համարում ենք` քանի որ դրանք նրանց հսկողության տակ են, ամայի տարածքներ են և ավելորդ թող չհերոսանան»:

Բաղդասարյանը նաև խորհուրդ տվեց այդչափ չկենտրոնանալ այդ տարածքների ու խնդրի վրա: «Դրանք մեր անմիջական հսկողության տակ են, դա մեր հայրենքի մի մասն է, և պատեհ պահին կանդրադառնանք դրան: Ես խնդրում եմ ձեռնպահ մնալ դրանց մեկնաբանություններ տալուց, երբ դրանք կգտնվեն մեր տիրապետության տակ, կտանք գնահատականներ դրա մասին: Ես նորից եմ կրկնում, որ պահը պետք է պատեհ լինի»,- ասաց նա:

Պատգամավորն անդրադարձավ նաև Վիեննայում ձեռք բերված` ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հետաքննական մեխանիզմների ներդրման պայմանավորվածությանը:

«Ռազմական հանցագործը` նրանց առաջնորդ Ալիևը, անկանխատեսելի է և, տալով իր համաձայնությունը Վիեննայում, անմիջապես պաշտոնյաների լեզվով, նրանց խոսքով ասում է, որ պատասխանատվություն չեն վերցնելու: Բայց միջազգային կառույցները, հայկական կողմը, դա ամենակարևոր գործոններից մեկն են համարում, որպեսզի մոնտորինգի միջոցով, հետաքննական մեխանիզմների միջոցով ի հայտ գա մեղավորն ու ագրեսորը»,- ասաց նա`ընդգծելով, որ միջազգային կառույցները պետք է այս նուրբ և զգույշ քաղաքականությունը ավելի խստացնեն և անցնեն ավելի կոշտ քաղաքականության, պարտադրեն, որպեսզի մենք խուսափենք հարյուրավոր զոհերից:

«Պետք է բոլոր կողմերից, նաև Ադրբեջանի կողմից լինի համաձայնություն: Ադրբեջանը հանդիպման սեղանի շուրջ բանավոր համաձայնություն է տալիս, բայց մենք բազմիցս ենք ասել, որ որևէ հավատ չի ներշնչում նրանց խոսքը: Բնականաբար, միջազգային կառույցները պատրաստ են իրենց աջակցությունը, ֆինանսավորումը տալ: Մինսկի խմբին միացել է նաև Գերմանիան, և նրանք, միանշանակ, պատրաստակամություն են հայտնել, որ տեղադրվեն մեխանիզմները»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը` հավելելով. «Պատահական չէ, որ նախագահ Սարգսյանը հայտնում է`հաջորդ հանդիպմանը նպատակահարմար է, եթե տեղադրվեն այդ մեխանիզմները: Եթե չեն տեղադրվում այդ սարքերը, ինձ թվում է, որ հանդիպումը կլինի անիմաստ»: