Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է այս պահին ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում ստեղծված իրավիճակին` ասելով, որ հրադադարի ռեժիմը հարաբերականորեն պահպանվում է:
«Վերջին երեք օրերի ընթացքում կրակոցների թիվը մինիմալ է եղել` երկու տասնյակի է հասել: Կարծում եմ, որ ՊԲ ողջ անձնակազմը, ՀՀ սահմանին կանգնած զինծառայողները, զորամիավորումները տիրապետում են իրավիճակին: Ես եղել եմ Ղարաբաղում, անցել եմ սահմանով, տեսել, որ մարտական ոգին, տրամադրվածությունը, մարտական կարողությունների բարձրացման ուղղությամբ տարվող միջոցառումներն իրականացվում են տեղին»,- նշեց Սեյրան Օհանյանը: Նախարարն անդրադարձավ նաև Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե կորցրած 800 հա տարածքը ռազմական նշանակություն չունի: Օհանյանը բացատրեց, որ մարտական կիրառման խնդիրների շրջանակներում միշտ էլ դիրքերի տեղաշարժ լինում է: «Մեր իրականության մեջ յուրաքանչյուր ոք պետք է զբաղվի իր պարտականություններով: ԼՂՀ ղեկավարությունը, ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը փոխադարձ համագործակցության շրջանակներում բոլոր խնդիրները քննարկում են: Այդ տարածքներում դիրքերի դասավորվածությունն այնպիսին է, որ վերահսկողությունը, նախաձեռնողականությունը, կրակային խոցման բոլոր նախաձեռնությունները ՊԲ ստորաբաժանումների մոտ են: ՊԲ-ն իր առջև դրված խնդիրն այս մարտական գործողությունների ժամանակ կատարել է»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Անդրադառնալով հակառակորդի կրակակետի տակ գտնվող Թալիշ գյուղին, որտեղի բնակչությունը անվտանգության նկատառումներով թողել է գյուղն ու հեռացել՝ նախարարը նշեց, թե այս պահին այնտեղ անվտանգ է: «Այսօր այնտեղ ՊԲ-ի ստորաբաժանումները ծառայություն են իրականացնում, հրադադարի ռեժիմը հարաբերական առումով պահպանվում է: Կարծում եմ ՝ այս ամենը ԼՂՀ ղեկավարության համար հնարավորություն է ստեղծում, որպեսզի իրենք աշխատեն, պայմաններ ստեղծվի, որպեսզի ժողովուրդը հետ վերադառնա»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ ԼՂՀ ղեկավարությունը բոլորից լավ է այս ամենի մասին հոգում և քայլեր ձեռնարկում: