կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-16 14:01
Հասարակություն

Ամենահնարավոր սցենարը պատերազմի վերսկսումն է. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ամենահնարավոր սցենարը պատերազմի վերսկսումն է. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման ընթացքում որևէ պայմանավորվածություն ձեռք բերելու հեռանկար չկա: Չկա նաև գաղտնի սխեմաների իրականացման հնարավորություն. այսօր լրագրողներին ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նրա խոսքով` հանդիպումը վերաբերելու է սահմանին ստեղծված վիճակին, անվտանգության մեխանիզմներին, դիտարկումներ անցկացնելուն և այլն:

«Վիեննայում Երևանը փորձելու է ուշադրություն սևեռել համանախագահող երկրների` իրավիճակի վերաբերյալ համահավասարեցված գնահատականներ հնչեցնելու, գործընթացին ոչ լիարժեք ներգրավվածության, ինչպես նաև համանախագահ երկրների անտարբեր մոտեցման վրա»,- ասաց քաղաքագետը:

Մելիք-Շահնազարյանի խոսքով` ցավոք, այս պահին պատերազմի վերասկսումն ամենահնարավոր սցենարն է, որովհետև Ադրբեջանը, ձախողելով իր ապրիլյան հարձակումը, ըստ էության, զրկվել է մի քանի կարևոր քաղաքական փաստաթղթերից, որոնք օգտագործում էր բանակցությունների ընթացքում, օրինակ` պատերազմի չվերսկսումը ներկայացնելով որպես զիջում և այլն: «Այս պահին Ադրբեջանը պատերազմը վերսկսելու լուրջ պատճառ ունի, քան ապրիլի 1-ին, որովհետև կորցրել է դիվանագիտական լուրջ գործոններ, որոնք օգտագործում էր հայերի դեմ»,- ասաց նա:

Անդրադառնալով վերջին շրջանում Նախիջևանի հետ սահմանին հակառակորդի ակտիվությանը, մասնավորապես` Վայքում հակառակորդի դիպուկահարից զինծառայողի զոհվելու դեպքին, քաղաքագետը նշեց, որ Ադրբեջանի նպատակը ՀՀ զինված ուժերը ՀՀ տարածքում «պահելն է», այսինքն` թույլ չտալը, որպեսզի այստեղից որևէ միավորումներ անհրաժեշտության դեպքում մտնեն Արցախ:

«Հայաստանը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում օգնություն է ցուցաբերելու և պատրաստում է ռազմական փոխօգնության մասին պայմանագիրը: Ադրբեջանը լարվածության մեջ պահելով ողջ սահմանը` փորձում է այդ հնարավորությունները սահմանափակել: Բայց նաև հնարավոր է, որ հակառակորդը հարված է պատրաստում նաև այս ուղղությամբ կամ փորձում է այդ կերպ ազդել մեր բնակչության տրամադրությունների վրա, որպեսզի Երևանում ոչ ոք չկարծի, թե պատերազմը միայն Արցախում է»,- ասաց Մելիք-Շահնազարյանը: