Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հարց ուղղեց վարչապետին` ասելով, որ ապրիլյան ռազմական գործողությունների սրացումը ցույց տվեց պետական կառավարման համակարգի բոլոր թույլ օղակներն ու բացերը, որոնք շտկման կարիք ունեն: Սակայն շտկումների կարիք կա նաև ոչ ռազմական ոլորտում:
Պատգամավորը հարցրեց` ի՞նչ փոփոխություններ է պատրաստվում իրականացնել կառավարությունը ռազմական ոլորտ չհանդիսացող, բայց ռազմաճակատի համար կարևոր նշանակություն ունեցող պետական ինստիտուտներում:
Հարցին պատասխանելով` վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ապրիլյան պատերազմը շատ մտահոգություններ վեր հանեց:
«Մենք քննարկելու, մտահոգվելու ու քննադատելու շատ հարցեր ունենք: Ինչ վերաբերում է կառավարության ապագա անելիքներին, ասեմ, որ կառավարությունը միշտ նայում է դեպի առաջ` չմոռանալով դասեր քաղել անցյալից: Այս արագ փոփոխվող աշխարհում պետք է լինենք շատ զգուշավոր, պատասխանատու: Ապագայում մենք հանդես ենք գալու համապարփակ հայտարարությամբ, թե ինչ քայլեր ու փոփոխություններ ենք նախատեսում մեր գործողություններում»,- ասաց նա:
Պատգամավոր Պողոսյանը հարցրեց, թե ե՞րբ է այդ փաթեթը լինելու ԱԺ-ում, և արդյո՞ք դա ենթադրելու է բյուջետային փոփոխություններ:
Հովիկ Աբրահամյանը նշեց, որ երբ կլինի փաթեթը, այն կքննարկվի ԱԺ-ում: Նաև հորդորեց այս իրավիճակը չօգտագործել պոպուլիզմի համար:
«Որոշ քաղաքական գործիչների պոպուլիզմն արդեն խեղդում է: Թե ում ջրաղացին են նրանք ջուր լցնում, դա անհայտ է: Խոսում ենք համախմբումից, բայց խոսքերը պետք վերածենք գործի, միավորենք մեր ուժեր, ոչ թե քարկոծենք ու ցեխ շպրտենք քաղաքական գործիչների վրա: Հենց մամուլի ներկայացուցիչներին ու միկրոֆոնները տեսնում են, լրիվ ուրիշ մարդ են դառնում: Դա վերաբերում է այն մարդկանց, ում խեղդում է պոպուլիզմը»,- ասաց վարչապետը՝ կոչ անելով բոլոր քաղաքական ուժերին` հավաքվել, քննարկել, որտեղ և կառավարությունը կներկայացնի իր տեսլականը: