կարևոր
739 դիտում, 41 րոպե առաջ - 2026-09-15 16:14
Քաղաքական

Դաշնակցությունը ձեր հայտարարությամբ չի ծնվել, և ձեր հայտարարությամբ էլ չի վերանալու․ Արաքսյա Հայրապետյանն՝ Արման Եղոյանին

Դաշնակցությունը ձեր հայտարարությամբ չի ծնվել, և ձեր հայտարարությամբ էլ չի վերանալու․ Արաքսյա Հայրապետյանն՝ Արման Եղոյանին

Վարդենիսի ավագանու դաշնակցական անդամ Արաքսյա Հայրապետյանը գրում է․

«Պարոն Եղոյան, Դաշնակցությունը «արմատախիլ անելու» ձեր ցանկությունը նորություն չէ։ Այդ նույն երազանքն ունեցել են Հայաստանի թշնամի երկրները։ Բայց պատմությունը նրանց ջանքերը ի չիք դարձրեց։

Մի կարծեք, թե ազգային ժողովի ամբիոնը պատմության վերջնական դատավճիռ է։ Դաշնակցությունը ձեր հայտարարությամբ չի ծնվել, և ձեր հայտարարությամբ էլ չի վերանալու։

Կարող եք պայքարել կուսակցության դեմ, բայց չեք կարող արմատախիլ անել հայրենիքի, ազգային արժանապատվության և հայ ժողովրդի կողքին կանգնելու գաղափարը։

Հայը թանգարանային նմուշ չէ։ Հայաստանը՝ փակվող էջ չէ։ Իսկ «վերջին դաշնակցականի» մասին երազանքը մնալու է հենց երազանք։

Պատմությունը մեկ անգամ չէ, որ ցույց է տվել՝ Դաշնակցությանը թաղել ցանկացողները շատ են եղել, բայց այն թաղողները՝ չեն գտնվել»։

Հիշեցնենք՝ այսօր Ազգային Ժողովում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու՝ Կառավարության անդամի երդման տեքստը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին օրենքի նախագծի քննարկումը վերածվեց քաղաքական բախման։ ՔՊ-ական Արման Եղոյանն, անդրադառնալով երդման տեքստի «Հանուն Հայաստանի հարատևության, անկախության և ինքնիշխանության» դրույթին, քննադատությամբ հարձակվեց ՀՅԴ-ի վրա՝ հայտարարելով, թե այդ նպատակների համար անհրաժեշտ է «դաշնակցականությունն արմատախիլ անել հայ քաղաքական մտքից» և հավելեց, որ «Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը»։

Ի պատասխան՝ Քրիստինե Վարդանյանը նշեց․ «Ինչքան էլ տարօրինակ լինի, պարո՛ն Եղոյան, շնորհակալություն ձեր անկեղծության համար, շնորհակալություն ձեր դիմակները պատռելու համար, որովհետև դուք ինչքան պայքարեք դաշնակցականության և Դաշնակցության դեմ, Դաշնակցությունը այնքան ուժեղանալու է։ Դուք այս ամբիոնից ունեցաք բառացիորեն և տառացիորեն ֆաշիստական ելույթ: Այո՛, ինչպես թուրքերն էին ուզում աշխարհում թողնել մի հայ՝ այսպես օրինակ, որ տենց բան եղել է, դուք բառացի նույնը կրկնեցիք, բառացի։ Բայց ինչպես թուրքերը իրենց ծրագրում չեն հաջողել, նույնը չեք հաջողելու դուք: Ես մի տերմին եմ մտածել ձեզ համար, որը, կարծում եմ, ձեզ ամենալավն է բնութագրում․ դուք երիտբոլշևիկներ եք: Դուք երիտբոլշևիկներ եք, դուք ունեք նույն թիրախները, ինչ որ երիտթուրքերը, և նույն գործիքակազմը, ինչ որ բոլշևիկյան մտածողությունը: Շնորհավորում եմ, կարող եք այսուհետ ձեզ դիմել որպես երիտբոլշևիկներ: Եվ իրականում, գիտեք, 135 տարվա ընթացքում որքան արմանեղոյաններ են եղել, ձեզնից ավելի մեծ ուժեր են պայքարել Դաշնակցության դեմ: Փորձե՛ք, փորձե՛ք, կրկնում եմ, դուք դրանով միայն մեզ ուժեղացնում եք»։