Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ պատագամավոր Վարդան Օսկանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր նոր` «Համախմբում» կուսակցության առաջիկա գործունեությանը:
Օսկանյանը կարծիք հայտնեց, որ իր քաղաքական կարիերայի այն հատվածը, երբ ինքն իշխանության մեջ էր, բոլորովին էլ չի հանգեցնի վարկանիշի անկման: «Ես կարծում եմ, որ իմ` իշխանության մեջ լինելը իմ վարկանիշը կբարձրացնի այն իմաստով, որ իշխանական համակարգում աշխատելու փորձ ունեմ, արտաքին քաղաքական ոլորտում տասը տարի աշխատել եմ, տասը տարի կուսակցական եմ եղել, զբաղվել եմ ներքաղաքական հարցերով: Այդ երկուսի համադրումով, կարծում եմ, ավելի շատ կունենամ ժողովրդի վստահությունը»,- ասաց նա:
Իր կուսակցության հետ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը կապելուն անդրադառնալով` Օսկանյանը նշեց, որ արդեն խոսել է այդ մասին: «Կուսակցությունն ով կղեկավարի, ղեկավար կազմում ով կլինի, համագումարը կորոշի: Քոչարյանը կուսակցություն հետ կապ չունի»,- ասաց նա և հավելեց, որ հաջորդ ընտրություններին իրենք ներկայանալու են որպես առանցքային քաղաքական ուժ, որպեսզի իսկական այլընտրանք լինեն իշխանություններին:
«Ֆինանսական ռեսուրսներ են հարկավոր ծրագրերը կյանքի կոչելու համար, և Հայաստանում շատ քչերն ունեն նման հնարավորություն» դիտարկմանը Օսկանյանը պատասխանեց. «Այդ ցանցը մենք լայն ենք նետելու, նույնիսկ` հազար դրամ, տասը հազար դրամ, հնարավորսին լայն շրջանակներ ենք համախմբելու: Ես դիմելու եմ բիզնես շրջանակներին, հանդիպելու եմ ուսանողների հետ. մենք պետք է մեր հասարակությանը ներգրավենք քաղաքական գործընթացներում»:
Հարցին` բիզնես շրջանակները իշխանության կողքին են, կարծում եք, որ նրանք ձեզ կֆինանսավորե՞ն, նա պատասխանեց. «Դա իսկապես մարտահրավեր է, և ես փորձելու եմ իսկապես այդ տաբուն ջարդել: Բոլոր բիզնես շրջանակները չեն կարող լինել իշխանություն կողքին»:
Օսկանյանը նաեւ հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը չի պահանջելու: