կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-19 18:16
Քաղաքական

Տարածքների հանձնման տարբերակը Դաշնակցության համար անընդունելի է. Կիրո Մանոյան

Տարածքների հանձնման տարբերակը Դաշնակցության համար անընդունելի է. Կիրո Մանոյան

Աշխատանքները պետք է շարունակել, քաղաքական տարբեր շրջանակներին մեր կողմը սիրաշահելու փորձեր անել. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանզազերծված լայնամասշտաբ ռազմական գործողություններին միջազգային հանրության արձագանքին:

«Մինչև հիմա բավարար դրական արդյունք չկա, բայց դա չի նշանակում, որ չպետք է շարունակենք աշխատանքները: Ո՛չ, պետք է շարունակենք, բայց պիտի անդրադառնանք նրան, որ ինչ-որ շահեր կան և, այդ շահերից ելնելով են շատ քաղաքական ուժեր առաջնորդվում: Ադրբեջանի հետ շահ, Թուրքիայի հետ շահ, տարբեր  շահեր կարող են լինել, բայց անհրաժեշտ է, որ մենք մեր աշխատանքները շարունակենք՝ ցույց տալու՝ այս ամբողջ իրավիճակն ում մեղքով է»,- ասաց Մանոյանը:

Հարցին, թե հայկական կողմի որդեգրած քաղաքականությունը որքանո՞վ է արդյունավետ, և ավելի շահեկա՞ն չէր լինի, որ մենք հարձակողական դիրք գրավեինք, Մանոյանը պատասխանեց.  «Ես  այս մասին  մասնավոր կարծիք չունեմ, բայց քաղաքական քայլերը, որոնք հայտարարվեցին, անհրաժեշտ են: Անկախ զինադադարից՝ մենք դիվանագիտական տեսնակյունից էլ պետք է համարժեք  պատասխանենք, այսինքն՝ այն, ինչ նախագահը հայտարարեց, պետք է  գործադրվի»:

Մանոյանին խնդրեցինք տեսակետ հայտնել նաև ռուսական հայտնի Известия պարբերականում տեղ գտած հրապարակման վերաբերյալ, որում նշվում էր, որ  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է անձամբ համոզել երկու կողմի քաղաքական գործիչներին փոխզիջման անհրաժեշտության մեջ: Պարբերականի աղբյուրի խոսքերով՝ հակամարտության կարգավորման ռուսական պլանը հետևյալն է՝ վերադարձնել Ադրբեջանին տարածքի մի մասը, խաղաղապահներ մտցնել հակամարտության գոտի, վերադարձնել փախստականներին և լեգիտիմացնել Ղարաբաղը (այսինքն՝ ապահովել սահմանների բաց լինելը և վերականգնել տնտեսական կապերը), այնուհետև, երբ կրքերը հանդարտվեն, հանրաքվե անցկացնել:

«Նախ՝ վստահ չեմ, որ դա իրականություն է, այսինքն՝ վստահ չեմ, որ այդպես կլինի,  բայց որ անհրաժեշտ է՝ մեր  որոշածներն ու հայտարարածները գործադրենք, որպեսզի նման  կացությունների առջև  չհայտնվենք, նորից մեր կեցվածքը կրկնողի, բայց չանողի վիճակում  չհայտնվենք, փաստ է: Կարծում եմ՝  նոր տարբերակ չէ այս տարբերակը, որի մասին լրատվամիջոցները խոսում են:  Այդպիսի տարբերակը, բնականաբար, անընդունելի է, Դաշնակցության համար դա անընդունելի է»,- ասաց նա:

Մանոյանը նշեց նաև, որ չի բացառում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսում: «Չի բացառվում, որ ավելի լայնամասշտաբ գործողությունների սկիզբ լինի, ես ինչքան կարդացել եմ, հետևել եմ, դիմացի կողմը էլի զորք է հավաքել»,- նշեց նա:

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարն անդրադարձավ նաև ռուսական խաղաղապահների հնարավոր ներկայությանը տարածաշրջանում: «Հատկապես ռուսական խաղաղապահների ներկայությունը, կարծում եմ, անհասկանալի կլինի, որովհետև նախ՝ խաղաղապահներին վստահելը անվտանգության հարց է, մեծ խնդիր է, աշխարհի ոչ մի վայրում խաղահապահները չեն կարողացել որևէ մեկին պաշտպանել, լավագույն դեպքում իրենք իրենց են պաշտպանել: Երկրորդ՝ ռուսական ուժերի մուտքը կարող է նաև դուռ բանալ այլ հարևանների  ցանկությունների առաջ, օրինակ՝ Թուրքիայի»,- ասաց նա:

Մանոյանը նշեց նաև, որ զինադադարի նոր պայմանագրի կնքման անհրաժեշտություն չի տեսնում: «Եղածն արդեն խախտում են, նորը ստորագրում են, որ ի՞նչ»,- կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարը: