կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-17 23:03
Հասարակություն

Թալինում գրեթե ամենուր հազար տոկոսանոց խնդիրներ են. քաղաքացի

Թալինում գրեթե ամենուր հազար տոկոսանոց խնդիրներ են. քաղաքացի

 Արդեն հայտնել ենք, որ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը Yerkir.am-ի հետ զրույցում զավեշտալի հայտարարություն էր արել` ասելով, որ քաղաքապետը չէ, որ պետք է աշխատատեղեր ստեղծի: «Աշխատատեղերը քաղաքապետը չի ստեղծում, պետք է ներդրումներ լինեն»,- ասել էր նա: Թալինի քաղաքացի Մեսրոպ Բարսեղյանը Yerkir.am-ի հետ զրույցում չհամաձայնեց Սահակյանի ասածին և նշեց. «Մարզպետը կլինի, թե`քաղաքապետը, պետք է մտածեն աշխատատեղեր ստեղծելու մասին, ինչի՞ մասին է խոսքը»: «Թալինում գրեթե ամենուր հազար տոկոսանոց խնդիրներ են, տղամարդիկ աշխատանք չունեն, արտագաղթն ահավոր չափերի է հասնում, ոչ մի բան չկա: Հա, ես շատ լավ եմ գնահատում մի երկու փողոց լուսավորելը, բայց միայն դրանով չէ: Ինձ համար ավելի գնահատելի կլիներ, որ տասը աշխատատեղ ստեղծվեր, ես իմանայի, որ տասը ընտանիք ապրում է»,- ասաց քաղաքացին:

Նրա խոսքով` ցանկության դեպքում հնարավոր է ամեն ինչ էլ անել, որ քաղաքի վիճակը բարելավվի. «Հինգ-վեց գործարան կա և, ցանկության դեպքում, հնարավոր է ներդրումներ գտնել: Ով նման բան արեց, մեր աչքի լույսը կդառնա: Ես Թալինից եմ և շարունակելու եմ ապրել Թալինում, միտք չունեմ արտագաղթելու, ես քաղաքապետի թեկնածուներից երեքին էլ հարգում եմ, ով լավ բան կանի, իմ աչքի լույսը կդառնա»,- ընդգծեց Մեսրոպ Բարսեղյանը, ապա հավելեց, որ իր նշած ծրագրերի իրականացնողի դերում ավելի շատ տեսնում է Թալինի քաղաքապետի թեկնածու, ՀՅԴ-ի կողմից առաջադրված Տիգրան Հարությունյանին:

«Նա ստեղծող, աշխատող և աշխատատեղ ստեղծող տեսակ է: Իր ուժերով ստեղծել է մի հիմնարկ, որտեղ տասը-տասնհինգ հոգի են աշխատում, տասնհինգ ընտանիք է պահվում, հասկանո՞ւմ եք»,- նշեց քաղաքացին և հավելեց, որ Թալինում խնդիրները բազմաթիվ են ու սրտացավ մոտեցում է հարկավոր: