կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-03 13:53
Հասարակություն

Գյուղնախարարությունը մթերողներին 3 տոկոսանոց վարկ կտա՝ մեկ պարտադիր պայմանով

Գյուղնախարարությունը մթերողներին 3 տոկոսանոց վարկ կտա՝ մեկ պարտադիր պայմանով

Այսօր կառավարության նիստում գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ներկայացրեց որոշման նախագիծ պիլոտային մի ծրագրի վերաբերյալ։ Ըստ գյուղնախարարի` ամեն տարի գյուղմթերքի մթերման ժամանակ մթերողները պարտքեր են կուտակում գյուղացիական տնտեսություններին, չեն կնքվում պայմանագրեր մթերողների կողմից, որոնցով կհստակեցվի` ինչ քանակ ինչ գնով կմթերվի։ Դրանից ելնելով՝ գյուղնախարարությունը ներկայացնում է ծրագիր, ըստ որի` գյուղնախարարության ծրագրերից տնտեսված միջոցներից 70 միլիոն դրամի վերաբաշխում է կատարվում, և մթերող ընկերություններին 1 տարով 3 տոկոսանոց վարկեր կտրամադրվեն, ինչը հնարավորություն կտա նրանց պայմանագրեր կնքելու գյուղացիական տնտեսությունների հետ։ Դա կլինի վարկ տրամադրելու դիմաց հիմնական պայմանը։ Այսինքն` վարկ ստացող մթերող ընկերությունները պարտավոր են միանգամից վճարել գյուղացիներին գյուղմթերքի դիմաց։

«Պիլոտային ծրագրով նախատեսվում է ընդամենը 70 միլիոն դրամ սուբսիդավորման համար, կտրամադրվի 2,4 միլիարդ դրամի վարկ։ Մեկ տնտեսության չափով վարկը սահմանափակվում է մինչև 150 միլիոն դրամ, այսինքն` վարկը կարող է տրամադրվել շուրջ 20 փոքր ու միջին մթերող ձեռնարկությունների»,- ասաց Իգնատի Առաքելյանը։

Վարչապետն արձագանքեց. «Պարո'ն Առաքելյան, հետևում եք, որ այդ գումարը ճիշտ տեղերը ուղղվի, քանի որ, 2,4 միլիարդ դրամ ուղղելով գյուղատնտեսության դաշտ, կարգավորելով դիսբալանսը, կունենանք լավ արդյունք»։

Իգնատի Առաքելյանը պատասխանեց, որ եթե պիլոտային ծրագիրը հաջողությամբ անցկացվի, հետո ներկայացվելու է ավելի մեծ, ընդգրկուն ծրագիր, որը թույլ կտա հարթել մթերող-գյուղացի խնդիրների դաշտը։