Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հրազդանում քաղաքապետի ընտրություններում հիմնական մրցակցությունն ընթանում է Սասուն Միքայելյանի ու գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի միջև, որոնց հարաբերությունները լարված են:
Այսօր առավոտյան ՀՀԿ-ական թեկնածու Արամ Դանիելյանի շտաբը հայտարարություն էր տարածել, որ Սասուն Միքայելյանը և իր վարորդը հարձակվել են Արամ Դանիելյանի շտաբի պետ Մաթևոս Ավանեսյանի վրա ու ծեծի ենթարկել: «Անպատիվ խոսք, հետո ծեծ, ես հիմա մի հատ շենքի առաջին հարկում նստած եմ»,- ասել է Մաթևոս Ավանեսյանը: Yerkir.am-ի թղթակիցը փորձեց պարզաբանում ստանալ Արամ Դանիելյանից, ով սակայն հրաժարվեց պատասխանել լրատվամիջոցների որևէ հարցի: Նրա նախընտրական շտաբի պետ Կարեն Մարգարյանը նույնպես հրաժարվեց տեղեկություններ տալ` ասելով, որ օրվա ընթացքում Արամ Դանիելյանը հանդես կգա մամուլի ասուլիսով, և կներկայացնի ամեն ինչ: «Սասուն Միքայելյանը և իր կողմնակիցները խոշտանգել են մեր շտաբի ներկայացուցչին»,- ասաց Կարեն Մարգարյանը: Հարցին, թե գուցե ծեծել են, այլ ոչ խոշտանգել, Կարեն Մարգարյանը նշեց, որ` այո, ծեծել են,և իրավապահները այժմ զբաղվում են այդ հարցով: Լրագրողների հետ զրույցում միջադեպի վերաբերյալ պարզաբանում ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար Ալեն Սիմոնյանը` ասելով, որ Սասուն Միքայելյանը անցելիս է եղել թիվ 14 դպրոցի մոտակայքով, եւ նրան տեղեկացրել են, որ ՀՀԿ թեկնածուի շտաբի ներկայացուցիչը գումար է բաժանում ընտրողներին: «Սասուն Միքայելյանը մոտեցել է այդ անձնավորությանը, որը մեքենայի մեջ փաստացի զբաղվել է այդ գործողությամբ, եւ չի հերքել: Հարցրել է, թե ինչ ես անում, նա չի պատասխանել, եւ դուրս է եկել, հայհոյել է, եւ ասել է` լավ եմ անում, եւ դիմել է փախուստի»,- ասաց Ալեն Սիմոնյանը: Մեր հարցին, թե դա ՀՀԿ թեկնածուի շտաբի պետի կողմից ներկայացվել է որպես «ծեծ և խոշտանգում», Ալեն Սիմոնյանը նշեց, որ անգամ կոնտակտ չի եղել, ուր մնաց՝ ծեծ ու խոշտանգում: