կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-25 11:54
Հասարակություն

Մեզ օլիգարխի անուն մի տվեք. Գագիկ Խաչատրյան

Մեզ օլիգարխի անուն մի տվեք. Գագիկ Խաչատրյան

Այսօր ԱԺ-ում 2014թ. բյուջեի կատարողականի քննարկումներից առաջ լրագրողները հարց ուղղեցին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, թե ինչպե՞ս են ընթանում ստվերի դեմ պայքարի գործերը, ինչի մասին անընդմեջ ասում էր վարչապետը, երբ դեռ նոր էր ստանձնում վարչապետի գործառույթները:

 

Նախարարը պատասխանեց. «Աշխատանքները ստվերի դեմ ընթանում են բավական բարդ, բայց` հետեւողական»:

 

Դիտարկմանը, որ հանրության համար արդյունքները նկատելի չեն, Գագիկ Խաչատրյանը չհամաձայնեց. «Որտե՞ղ պետք է զգան: Այդքան լրատվությամբ նյութեր ենք ցույց տալիս: Ի՞նչ նյութեր եք ուզում, ասեք`հրապարակենք»:

 

Դիտարկմանը, որ խոսքը վերաբերում է խոշոր գործարարներին, օլիգարխներին վերաբերող տեղեկատվությանը, նախարարն արձագանքեց. «Անուններ ասեք`ցույց տանք: Մեզ օլիգարխի անուն մի տվեք, ձեռնարկության անուն ասեք»:

 

Լրագրողները նշեցին Գագիկ Ծառուկյանի անունը: Գագիկ Խաչատրյանը ծիծաղեց. «Նորից շուռ եք գալիս Գագիկ Ծառուկյան…»:

 

Ստվերի դեմ պայքարում, ըստ նախարարի, բավական լուրջ արդյունքներ են եղել, թվեր նա չհրապարակեց, միայն նշեց, որ դա անընդհատ պրոցես է: «Պարոն Ալավերդյանի բլոկով է, դիմեք նրան»,- ասաց նա: Այնուհանդերձ, նշեց, որ առաջին եռամսյակի կտրվածքով` մոտ քսան միլիարդի մասին է խոսքը, և գործընթացը շարունակվում է:

 

«Լուրջ անհանգստություն ունենք այն ձեռնարկությունների նկատմամբ, որոնք իրենց դաշտում չեն գործում: Այսինքն` ավելացված արժեքի հարկի դաշտում պետք է գործեն, բայց շրջանառության հարկի դաշտում են: Ամենամեծ խնդիրը դա է, մեր խնդիրը հարկային կարգապահությունը բարձրացնելն է, ու էդ գործընթացում ունենք բարդություններ: Կարեւորը`խնդիրը ձեւակերպել ենք, տարիների ընթացքում պետք է հասնենք դրան»,- ասաց Գագիկ Խաչատրյանը:

 

Նախարարը ստվերի տոկոս չհրապարակեց: Ասաց`դրա գնահատումը լուրջ մեթոդիկա է, որով մասնագետներն են զբաղվում: Լրագրողները հարցրեցին, թե հնարավո՞ր է, որ ստվերը 40 տոկոսից ավելի լինի, Գագիկ Խաչատրյանը հարցը շրջանցեց` ասելով, որ 60-80 էլ են ասում այն մարդիկ, ովքեր ուզում են ավելի հնչեղ երեւա իրենց խոսքը: